Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել:
Հենակետը հիմնվել է Շիկահող բնակավայրում՝ ՀՀ Սյունիքի մարզում գրանցված «Խուստուփ» փրկարար ջոկատ ՀԿ-ի կողմից: Ծրագրի դոնորն է հանդիսանում գերմանական KfW բանկը: Հատկացված դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվել է շինության վերակառուցում և բարեկարգում, կամավորական հրշեջ-փրկարարների ուսուցում, ինչպես նաև ձեռք է բերվել համապատասխան հանդերձանքը և հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գույք և սարքավորումներ:
Ծրագրի շրջանակներում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Շիկահող» պետական արգելոցին հարակից Շիկահող գյուղում հրշեջ-փրկարարական կետի հիմնման նպատակով համայնքի կողմից ՀԿ-ին անհատույց և անժամկետ տրամադրվել է տարածք և շինություն։ Վերջինս վերակառուցվել, վերանորոգվել և ձևափոխվել է որպես հրշեջ-փրկարարական հենակետի, որը ցանկացած հրդեհային իրավիճակում արագ արձագանքման կետ է հանդիսանում ոչ միայն Շիկահողի, այլ նաև Ծավ, Սրաշեն և Ներքին Հանդ գյուղերի, «Զանգեզուր» Կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Շիկահող» պետական արգելոցի, «Սոսու պուրակ» և «Խուստուփ» պետական արգելավայրերի, ինչպեսև հարակից անտառային տարածքների համար։
Հրշեջ-փրկարարական կետն համալրվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված ԶԻԼ 130ԱԲ40 մակնիշի 2 տ ջրատարողությամբ հրշեջ մեքենայով։
Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար ձեռք է բերվել հանդերձանք, անհրաժեշտ գույք և սարքավորումներ՝ մասնավորապես լրակազմ համազգեստ, սաղավարտ, կիսաճտքավոր կոշիկ, հրակայուն ձեռնոց, սաղավարտի լապտեր, ձեռքի լապտեր, բահ, քլունգ, 16լ տարողությամբ ջրացրիչ, փոքր կացին, խոտհնձիչ։ Հենակետը նաև կահավորվել է առաջին անհրաժեշտության գույքով։
Ստեղծվել են ընդհանուր 25 կամավորներից բաղկացած հրշեջ-փրկարարների ջոկատներ, որոնք անցել են ուսուցողական պարապունքներ և ստացել են համապատասխան հանդերձանք։
Հրշեջ-փրկարարական հենակետի հիմնումը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպության համագործակցությամբ իրականացված միջազգային ծրագրի հաջողված օրինակ է, որի հիմնական նպատակն է հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված կառույցների և անձնակազմի կարողությունների հզորացումը: