ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է տաքսու վարորդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:
Մասնավորապես, քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ գործով մեղադրյալ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 51-ամյա տղամարդը 2020 թ. սեպտեմբերի 13-ին, տաքսի ավտոմեքենայով տուն վերադառնալու ճանապարհին, ուղեվարձի շուրջ վիճաբանել է տվյալ տաքսի ավտոմեքենայի վարորդի հետ, որի ժամանակ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ ձեռքով հարվածել է նրա աչքին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ ձախ աչքի կոպերի արյունազեղումների, ձախ ակնագնդի սալջարդի` ուղեկցված հիֆեմայով, հեմոֆթալմով և ձախ աչքի տեսողության և ֆունկցիայի կորստի ձևով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: