Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը։ Ողջունելով մասնակիցներին՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ մարզխորհրդի հերթական նիստին համայնքների ղեկավարներից ու մարզային իշխանության ներկայացուցիչներից բացի մասնակցում են նաև մի շարք բուժհաստատությունների ղեկավարներ, և նիստն սկսել է համավարակի դեմ պայքարում զգոնության կոչով․
«Մարզխորհրդի նիստի հարգելի մասնակիցներ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, ցանկանում եմ բոլորիդ զգոնության կոչ անել, քանի որ վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշների աճ: Սա պետք է մեզ մտահոգվելու առիթ տա, և բոլոր կառույցները պետք է առավել զգաստ լինեն, համագործակցեն իրար հետ և ամեն ինչ անեն համավարակի տարածումը կանխելու համար։
Այստեղ անելիք միայն բուժհաստատությունները չունեն, դուք ևս պետք է ձեր համայնքներում, հատկապես ռիսկային կազմակերպություններում ուշադիր լինեք, իրականացնեք ախտահանման աշխատանքներ, պահպանեք հակահամաճարակային կանոնները։ Առանձնապես շնորհակալություն եմ հայտնում առողջապահության համակարգի մեր աշխատակիցներին, նրանք ամենօրյա ռեժիմով են պայքարի մեջ»։
Մարզի խորհրդի նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերվել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2021 թվականի առաջին եռամսյակի կատարմանը։ Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը նշել է, որ ապրիլի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել է 69.5 %-ով։
Մարզի նախկին վարչական տարածաշրջաններից 2021 թ. սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Մարմաշեն խոշորացված համայնքում` 24.3 %, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 100.8%։ Գյումրին սեփական եկամուտները կատարել է 80.6 %-ով, Արթիկ քաղաքը՝ 91.8 %:
Կարևորելով սեփական եկամուտների հավաքագրման աշխատանքներում թերացումների բացառումը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ այդ աշխատանքների իրականացմամբ է հնարավոր համայնքներում նոր ծրագրեր իրականացնել․ «Մեզ համար պետք է կարևոր լինի նախաձեռնողականությունն ու աշխատանքում՝ նվիրվածությունը։ Սեփական եկամուտների հավաքագրումը խոսում է ձեր աշխատանքի մասին և հնարավորություն տալիս իրականացնել նոր ծրագրեր»։
Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության 2021 թվականի աշխատանքային ծրագրի, առաջին եռամսյակում կատարված հսկողության արդյունքների մասին է անդրադարձել տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը։ Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանն էլ խոսել է Շիրակի մարզում գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի և առաջիկա ծրագրերի մասին։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կարևորել է պետական աջակցության գյուղատնտեսական ծրագրերի իրազեկման մակարդակի բարձրացումը․ «Գյուղատնտեսությունն այն բնագավառն է, որտեղ Շիրակի մարզը մեծ ներուժ ունի, իսկ այն զարգանալու համար մեր ջանքերը պետք է բազմապատկվեն։ Գյուղատնտեսության աջակության ծրագրերի մասին հանրայնացումը չի ենթադրում դրանց մասին տեղեկատվությունը մարզպետարանից տանել և փակցնել համայնքապետարանների տեղեկատվական հարթակներում միայն, պետք է անհատական աշխատանք։ Համայնքապետերը պետք է կարողանան աջակցել բնակիչներին՝ տեղեկացվածության բարձրացման, ծրագրերից ժամանակին օգտվելու առումով, այստեղ ձեզ կաջակցեն նաև մարզպետարանի պատասխանատուները»։
Հողաշինության և հողօգտագործման բաժնի-մարզային հողային պետական տեսչության պետ Զորիկ Խաչատրյանը խոսել է Շիրակի մարզի համայնքների վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման տրամադրման և վարձավճարների գանձման գործընթացի մասին: Իսկ զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանն անդրադարձել է համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակմանն ու ներկայացմանը։
2021 թվականին պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, ստանալու համար ներկայացվել է սուբվենցիայի 70 հայտ՝ 32 համայնքների կողմից, շուրջ 4 մլրդ 663 մլն դրամի շրջանակներում։
«Սուբվենցիոն ծրարգրեը պետություն-համայնք համագործակցության լավագույն օրինակներ են, դրանք նպաստում են մեր համայնքներում տարիներ շարունակ կուտակված խնդիրների քայլ-քայլ լուծմանը։ Ես ողջունում եմ այս առումով ձեր նախաձեռնողականությունն ու կոչ եմ անում առավել ակտիվ ներգրավվել այդ ծրագրերում»,- ընդգծել է Հովհաննես Հարությունյանը։
Օրակարգային վերջին հարցով՝ համայնքներում երեխաների իրավունքների պաշտպանության, հնարավոր դեպքերի կանխարգելման և արձագանքման մասին է խոսել ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:
Ամփոփելով մարզի խորհրդի նիստը՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ 2021 թվականը որքան էլ բարդ ու մարտահրավերներով լի տարի է, միևնույնն է, նաև աշխատանքի տարի է, երբ պետք է ձգտել առավելագույնին, քանի որ հապաղելու և երկմտելու այլընտրանք ոչ ոք արդեն չունի․
«Մեզ համար գլխավոր մոտիվացիան պետք է լինի երկիրն ու մարզը օր առաջ ոտքի կանգնեցնելը, մեջքը շտկել ու առաջ գնալը։ Բոլորս պետք է այս տեսանկյունից նայենք մեր աշխատանքին, մաղթում եմ մեզ բեղմնավոր աշխատանք, առավել մեծ ուշադրությամբ ու պատասխանատվությամբ լծվենք աշխատանքի, փորձենք խնդիրները լուծել մեր ուժեորվ, քանզի մեզանից լավ մեր խնդիրները ոչ ոք չգիտի, դրանց լուծման ուղիներն էլ մենք պետք է ամենից լավն իմանանք»։