Ապրիլի 1-ին Նոր Խարբերդ համայնքում դանակահարություն էր եղել: Ժամը 23:00-ի սահմաններում Նոր Խարբերդի 8-րդ փողոցում անցորդներից մեկն արնաքամ լինող տղամարդու էր տեսել, զանգահարել էր արտակարգ իրավիճակների նախարարություն, այնտեղից էլ ոստիկանություն էին զանգել։
Օպերատիվ խմբի մի մասը՝ Նոր Խարբերդ, մյուսն «Էրեբունի» բժշկական կենտրոն էին մեկնել։ Շտապօգնության բրիգադը վնասվածք ստացած տղամարդուն հիվանդանոց էր տեղափոխել։
Բժշկական կենտրոն հասնելուն պես ոստիկանները զրուցել էին բժշկի հետ. պարանոցի և բազկի կտրած-ծակած վերքերով էր տղամարդը բուժօգնության տեղափոխվել: Նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել և ի վիճակի չի եղել բացատություն տալու։
Նոր Խարբերդ մեկնած քրեական հետախույզները պարզել են, որ տուժողը Նոր Խարբերդի 9-րդ փողոցի տներից մեկում մի քանի բաժակ խմել էր համագյուղացի 41-ամյա ընկերոջ հետ, հետո բակում վիճել էին, որի ընթացքում էլ ընկերը դանակահարել էր նրան։
Կասկածվողը նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դանակը հայտնաբերվել է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: