Մի կողմում հյուսիս-հարավ մայրուղու շինարարական աղմուկն է, քիչ այս կողմ՝ հնագետների գործիքների ձայնը: Ժամանակակից մայրուղու կառուցմանը բոլորովին չի խանգարում դարերի հնագույն շերտերի բացահայտումը՝ մինչև ուրարտական շերտեր: Հյուսիս-Հարավի՝ Արգավանդ-Շիրակ հանգույցում, որը Շիրակի փողոցը կապելու է Արգավանդի խճուղուն, ճանապարհաշինարարներն արտասովոր շերտեր են նկատել, խեցեղեն իրեր գտել: Անմիջապես տեղեկացրել են հնագետներին, տվյալ հատվածում, որ մայրուղու «Կարմիր Բլուրի» հարակից տարածքն է, դադարեցրել են աշխատանքները և պեղումներ սկսել:
Միքայել Բադալյան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն - Նպատակն է հասկանալ այստեղի շերտագրությունը, ժամանակագրությունը: Օրինակ՝ ունենք կտրվածքում մի իրավիճակ, որտեղ տեսնում ենք և՛ ուրարտական ժամանակաշրջանի, և՛ տեղական սև խեցեղենի համադրություն, ինչը մեր հնագիտության համար շատ կարևոր տվյալ է հաղորդելու:
Տեղական շերտ ասելով մասնագետը նկատի ունի ոչ միայն ուրարտական, այլև Արարատյան դաշտի, այսպես կոչված, էթիունյան տարատեսակ խեցեղեն:
Էրեբունի թանգարանի տնօրենն ասում է՝ ըստ երևույթին, սա «Կարմիր Բլուր» հուշարձանի ծայրամասն է և չի բացառվում՝ պեղումների արդյունքում ամբողջական կառույց հայտնաբերվի, գուցե՝ դամբարան: Եթե ամբողջական կառույց լինի, պետք է տեղում կոնսերվացվի:
Միքայել Բադալյան - Ինչպես կարգն է պեղումներ ենք իրականացնելու և եթե գտնենք կառույցներ, որոնք պետք է պահպանել, իհարկե, դրանք պետք է պահպանել և, բնականաբար, այս առումով պետք է քայլեր ձեռնարկել:
Մինչև օրս հայտնաբերված խեցեղեն բեկորները հիմնականում թվագրվում են Ք.Ա 7-րդ դարով, նաև հետուրարտական շրջանի իրեր են պեղել: Պրոֆեսիոնալների հետ պատմությունը շերտ առ շերտ բացահայտում են նաև կամավորները: Արշավախումբը, որ ղեկավարում է «Էրեբունի» թանգարանի տնօրենը, աշխատանքները կամավորության հիումնքներով է իրականացնում:
Վահե Սարգսյան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ - «Կարմիր բլուր» հուշարձանը կարծես կենդանի օրգանիզմ լինի, և մենք մեր յուրաքանչյուր քայլով պիտի նպաստենք այս հուշարձանի հետագա զարգացմանը և այցելուների համար այն ավելի գրավիչ դարձնենք:
Անին մի քանի օրով մանկության երազանքն իրականացնելու հնարավորություն ունի: Հնագետ էր ուզում դառնալ, չդարձավ: Հողի շերտերի հետ այնքան նուրբ է վարվում, որ ոչ պրոֆեսիոնալ ձեռքը հանկարծ դարերի հետքը չփչացնի:
Անի Ապիտոնյան, կամավոր - Առաջին անգամ եմ մասնակցում պեղումներին: Պարոն Միքայելն ասել է, որ զգույշ փորեմ:
Սիրանույշի դեպքում պատմությունն այլ է: Ապագա ուրարտագետը մասնագիտական հետաքրքրասիրությամբ է փորփրում հողը: Որքան է ուզում ուրարտական շերտերն զգալ:
Սիրանույշ Բաղումյան, կամավոր - Ուրարտուի հետ կապված ցանկացած ինչ-որ բնակավայր, կերամիկայի հատված, մետաղյա իր հետաքրքիր է:
Մասնագիտությամբ իրանագետը պեղումներին կամավորագրվել է, որպեսզի հնի մեջ նորը գտնի: իսկ պրոֆեսիոնալները հողի խտությունը, կարծրությունն ստուգելուց հետո գույնն էլ կստուգեն:
Հողի ամեն գույն մի իրավիճակ է նշանակում: Քարի տակ կավ է, կավի տակ՝ այլ կարծր շերտ: Հարուստ պատմության հետ գործ ունեն: Հնագետներն առաջիկա օրերին շատ լուրեր կունենան՝ Ուրարտական շրջանից մինչև մեր օրեր: Կարևորն ինչ էլ հայտնաբերվի, ոչ նոր կառուցվող մայրուղուն կխանգարի, ոչ էլ մայրուղին՝ պատմության վերհանմանը: