Բանկային բոլոր հաշիվները, որ բնակչությունն ունի աշխատավարձ-թոշակ ստանալու, բիզնեսմենը, բարձրաստիճան պաշտոնյան՝ խոշոր խնայողություն պահելու համար, շուտով կկենտրոնացվեն միասնական մեկ ռեեստրում: Առաջարկը՝ Կենտրոնական բանկինն է. նպատակը փողերի լվացման դեմ պայքարից մինչև հակակոռուպցիոն ծրագրերին աջակցելն է. նախագիծը պատգամավորներին ներկայացրեց Ներսես Երիցյանը: Ասաց՝ կասկածելի դեպքերում, երբ քրեական գործ կա ու դատական հարցում՝ ինֆորմացիա կտան, բայց թե ում հաշվին ինչքան փող կա, ով որքան ծախսեց՝ շարունակելու է գաղտնի մնալ:
Ներսես Երիցյան (ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ) - Խոսքը հաշիվներում շարժերի, մնացորդների մասին չէ, ընդամենը հաշվի առկայության մասին է:
Թեմայից դուրս՝ Կենտրոնական բանկի փոխնախագահից պատգամավորները շտապեցին ճշտել՝ գնաճն ու փոխարժեքի տատանումները զսպելու ի՞նչ քայլեր են ձեռնարկում:
Ներսես Երիցյան - Դոլարն ինքը արժևորվում է բոլոր արժույթների նկատամբ, կան դրսից եկող գնաճային ճնշումներ, իսկ իրավիճակը կառավարելի է:
Կառավարության 2020 թվականի ծրագրի արդյունքները զեկուցելու եկած ֆինանսների նախարարից՝ հանձնաժողովում նախ հետաքրքրվեցին՝ կորոնավիրուսի լոքդաունից երկիրն իրականում ինչքա՞ն տնտեսական վնաս է կրել:
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է. ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀ
Արկադի Խաչատրյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Տարբեր տնտեսագիտական խմբեր հնչեցնում են տարբեր գնահատականներ, որոնք տատանվում են 600 մլրդ-ից մինչև 1 տրիլիոն 200 մլրդ դրամի սահմաններում:
Անկումը եղել է ՀՆԱ-ի 7.6 տոկոսի չափով: Ջանջուղազյանի ներկայացրած վիճակագրական ցուցանիշը պատգամավորներին դուր չեկավ: Դժգոհեցին նաև՝ ինչու պետությունը շատ ավելի մեծ գումարներ չի ուղղում հակաճգնաժամային ծրագրերին:
Ատոմ Ջանջուղազյան (ՀՀ Ֆինանսների նախարար) - էդտեղ շատ առատաձեռն ենք ու շռայլ, բայց երբ պարտքի մասին ենք սկսում խոսել, սկսում ենք ասել, որ մեր պարտքն աճել է:
Քննարկմանը հնչած օրինակներին, թե Քովիդի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով մեր հարևան Վրաստանը, նաև ԱՄՆ-ը, ուղիղ բնակչությանն են փող տվել, գուցե դա ավելի ճիշտ մոտեցում էր՝ Կառավարության թիմից էկոնոմիկայի փոխնախարարն արձագանքեց: Մեր դեպքում դա անիմաստ ծախս կլիներ:
Ավագ Ավանեսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Կստացվեր, որ մենք ամեն մարդուն պիտի 80 դոլար տայինք:
Ավանեսյանը պնդեց, որ՝ իրականացված ծրագրերի շնորհիվ տնտեսության որոշ ճյուղերում արդեն իսկ վերականգնում կա: Ասաց՝ շինարարության տեմպը հուսադրող է: Վճարվող հարկերը հաշվի առնելով՝ նաև առևտուրն է ակտիվանում՝ վստահեցնում է ՊԵԿ-ի ղեկավարը:
Էդվարդ Հովհաննիսյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Դատելով առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ ՊԵԿ վերլուծական տվյալներից՝ այո, ես փաստում եմ, որ տնտեսությունը վերականգնվում է:
Կառավարության հակաճգնաժամային քայլերը ունեցած ֆինանսներին համարժեք էին՝ կարծում է ծրագրերի մշակմանը մասնակցած տնտեսագետ-պատգամավորը: Ներդրումների կրճատման ֆոնին՝ լրագրողները նրան հիշեցրին՝ ո՞ւր մնաց իշխանության խոստացած տնտեսական բումը:
Բաբկեն Թունյան (ՀՀ Աժ պատգամավոր) - Դուք տեսա՞ք, ես էլ չտեսա: Մենք անցնցում տարի ունեցել ենք միայն 2019-ին: Բում չեղավ:
Թունյանի գնահատականով՝ կարևորը՝ հիմա անկման տեմպը դանդաղել է: Միայն թե կորոնայի նոր ալիքը տնտեսությանը նոր լոքդաուն չպարտադրի: