ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Ժան Մուլեն Լիոն-3 համալսարանի` աշխատանքային այցով Հայաստան ժամանած նախագահ Էրիկ Կարպանոյին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով Էրիկ Կարպանոյի այցը ԿԳՄՍՆ՝ նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը և համագործակցության հարուստ փորձը հավելյալ ներկայացման կարիք չունեն, իսկ դրանց ամրապնդման և ընդլայնման լավագույն միջոցը համատեղ կրթամշակութային ծրագրերն են:
«Կորոնավիրուսի համավարակով և պատերազմով պայմանավորված՝ նախորդ տարին մեր երկրի համար շատ բարդ էր, սակայն մենք մշտապես զգացել և շատ բարձր ենք գնահատում Ֆրանսիայի աջակցությունը, Ձեր երկրի՝ մեր ժողովրդի և արդարության նկատմամբ վերաբերմունքը: Մենք հաստատակամ ենք, վստահաբար հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները և դրա համար գործուն քայլեր ենք ձեռնարկում՝ զարգացնելու կրթական ոլորտը, քանի որ յուրաքանչյուր երկրի անվտանգության կարևորագույն երաշխիքը կրթական բարձր մակարդակն է»,- ասել է նախարար Վահրամ Դումանյանը և հավելել, որ պատրաստ է քննարկել Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի աջակցությամբ Հայաստանում իրականացվող գիտակրթական գործունեության հեռանկարները:
Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Էրիկ Կարպանոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստ է շարունակել և ընդլայնել գործընկերային հարաբերությունները:
Է. Կարպանոն ընդգծել է, որ ընդամենը 3 ամիս առաջ է գլխավորել Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը և նախագահի կարգավիճակում սա իր առաջին պաշտոնական այցն է:
«Արդեն իսկ հնարավորություն եմ ունեցել շփվելու Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ և պետք է փաստեմ, որ հիացած եմ նրանց կրթական մակարդակով: Հայաստանի ապագան երիտասարդներն են, իսկ բուհական ոլորտում կատարած ներդրումները ներդրում են ուժեղ ապագայի համար: Այս տեսանկյունից դուք կարող եք ապավինել մեզ հետ համագործակցությանը»,- ասել է Է. Կարպանոն:
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը ևս ընդգծել է, որ ՀՖՀՀ-ն շարունակելու է ընթանալ առաջընթացի ճանապարհով՝ ի նպաստ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման և Հայաստանի զարգացման: Բերտրան Վենարի խոսքով՝ ՀՖՀՀ-ն դիտարկում է կրթական ծրագրերն ընդլայնելու, ուսանողների թիվը զգալիորեն ավելացնելու և համալսարանը որպես ֆրանկոֆոն տարածաշրջանային կրթահամալիր (կամպուս) դարձնելու հնարավորությունները: ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը, բարձր գնահատելով Հայաստանում ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը, հաստատության ընդլայնմանը միտված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև Հայաստանում «Ակադեմիական քաղաք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ՝ երկուստեք ընդգծելով այդպիսի բուհական համալիր ունենալու կարևորությունը: