«Երևանը միտված է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական գործակցությանը». այս վերնագրով է ռուսական «Ինտերֆաքսը» հրապարակել վարչապետ Փաշինյանի հետ հարցազրույցը: Ապրիլի 7-ի Մոսկվա աշխատանքային այցին ընդառաջ ռուսական լրատվամիջոցը հետաքրքրվում է՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ապագան պայմանավորվա՞ծ է առաջիկա արտահերթ ընտրությունների արդյունքներով:
Նիկոլ Փաշինյան (վարչապետ) - Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավականին հարուստ և ծավալուն են՝ հիմնված մեր ժողովուրդների պատմական բարեկամության վրա: Այս հարաբերությունների բնույթը կախված չէ ապագա արտահերթ ընտրությունների արդյունքներից:
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՓՈԽԻ ԱԳՐԵՍԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ
Իսկ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսության վերականգնման համար, ըստ վարչապետի, անելիք ունի Թուրքիան: Հիշեցնում է՝ Անկարան հայ-թուրքական սահմանը միակողմանի փակել էր դեռ 1993-ին:
Նիկոլ Փաշինյան - Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման օգտին, բայց դա մերժել է հենց Թուրքիան: Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ ստացավ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա ագրեսիայի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան էր, որ Ադրբեջանին տրամադրեց ուղղակի ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով նաև օտարերկրյա զինված վարձկան-ահաբեկիչների: Թուրքիային անհրաժեշտ է փոխել այս ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՌԴ-ԻՑ
Նախատեսո՞ւմ է արդյոք Հայաստանը շարունակել ռուսական զենքի, մասնավորապես՝ Սու-30 Էս-Էմ կործանիչների և այդ ինքնաթիռների համար սպառազինության գնումները. Նիկոլ Փաշինյանը դրական է արձագանքում: Հայաստանը խիստ հետաքրքրված է Ռուսաստանից ռազմատեխնիկայի ձեռքբերման հարցում՝ առաջին հերթին Ռուսաստանի, ապա՝ ՀԱՊԿ մյուս դաշնակիցների հետ ժամանակակից, համատեղելի սպառազինություն ունենալու համար:
Նիկոլ Փաշինյան - Մենք շահագրգռված ենք, որ զենքի և զինամթերքի մատակարարումը Հայաստան տեղի ունենա նույն կոմպլեկտավորումով, ինչպես Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համար: Նշված ինքնաթիռի տեսակի վերաբերյալ ես նույնպես դրական կպատասխանեմ, քանի որ դա ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչ է, և դրա գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ մեր երկրի զինված ուժերի ազգային զարգացման ծրագրով»:
Դիտարկո՞ւմ է արդյոք Երևանը զենքի և ռազմատեխնիկայի ձեռքբերման համար ռուսական նոր վարկ վերցնելու հարցը, ի՞նչ զենքի կարիք կա, և ե՞րբ է Հայաստանը նախատեսում փակել սպառազինության վարկը:
Ըստ Փաշինյանի՝ նման որոշումները կախված են բանակի ընթացող բարեփոխումների արդյունքներից, իսկ վարկային պարտավորությունները, վարչապետը վստահեցնում է, պատշաճ և սահմանված ժամկետում կսպասարկվեն: