Այս տարի հաստատված նոր կարգի համաձայն՝ բուհերում ընդունելությունը կանցկացվի «մեկ մասնագիտություն, մեկ բուհ» սկզբունքով, ինչը, մասնագետների կարծիքով, կնպաստի, որ չտուժի մասնագիտական կողմնորոշումը: Նախորդ տարիների փորձը վկայում է, որ հաճախ բարձր միավորներով ընդունված, բայց մասնագիտության հարցում չկողմնորոշվածները դուրս էին թողնում մյուսներին նրանց նախընտրած մասնագիտությունից:
«Մեկ մասնագիտություն, մեկ բուհ» սկզբունքը ենթադրում է, որ դիմորդն իր նախընտրած մասնագիտությունը կհայտագրի մեկ բուհում՝ անվճար ու վճարովի բաժիններում: Հիմնական մրցույթից հետո թափուր տեղերի դեպքում կարող են հայտագրել ևս 6 մասնագիտություն՝ նույն քննություններով, որոնք առաջին անգամ հայտագրել են:
Հայտագրումը կսկսվի ապրիլի 15-ից և կանցկացվի 2 փուլով. այն կկատարվի նույն՝ dimord.am կայքում՝ բացառապես առցանց ձևաչափով. առաջին փուլը կտևի մինչև մայիսի 10-ը, 2-րդը՝ հունիսի 26-ից հուլիսի 1-ը: Դժվարությունների դեպում դիմորդը կարող է դպրոցի օգնությամբ լրացնել հայտերը:
Դիմորդները քննությունները կհանձնեն հունիսին. ընդունելության հիմնական փուլից հետո, ըստ թափուր մնացած տեղերի, կսկսվի երկրորդի հայտագրումը ՝ դրական միավորներով մրցույթից դուրս մնացած դիմորդների համար: Առաջին և երկրորդ փուլերից հետո՝ հուլիսի 18-ին կսկսվի լրացուցիչ թափուր տեղերի համար հայտագրումը: Մրցույթի վերջնական արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին: Նախորդ տարիների փորձից ելնելով՝ Կարո Նասիբյանը փաստում է, որ բուհեր դիմում է շրջանավարտների ընդհանուր թվի կեսը, ըստ այդմ՝ այս տարի էլ կունենանք 13-14 հազար դիմորդ: