Եվրամիությունը խոստովանել է, որ ձախողել է Վրաստանում իշխանության ու ընդդիմադիր ուժերի միջև բանակցություններում իր միջնորդական փորձը և հայտարարել հետագա քայլերի քննարկման մեկնարկի մասին, որը Բրյուսելը մտադիր է ձեռնարկել Թբիլիսիի հանդեպ: Այս մասին այսօր Բելգիայում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Վրաստանի բանակցություններում միջնորդող՝ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Դենիելսոնի առաքելությունն ավարտված է: Նա վերադարձել է Բրյուսել և արդյունքների մասին տեղեկացրել Շառլ Միշելին և Ջոզեպ Բորելին:
Ընդգծում ենք, որ երկխոսության մեկնարկի հիմնական պատասխանատվությունը կրում են Վրաստանի կառավարությունն ու ընդդիմության առաջնորդները: Այժմ Եվրամիությունը դադար կառնի և կվերանայի իր հետագա քայլերը»,- հայտարարել է ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչը: