Մենք կարող ենք մեր միջնորդության մեջ զետեղված հիմքերն ու հիմնավորումները որպես այդ միջնորդության դեմ ներկայացվող առարկություն ներկայացնել: Այդ մասին Քոչարյանի և մյուսների գործով դատական ակտի հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատախազ Պետրոս Պետրոսյանը:
«Մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումն այդ կապակցությամբ, մասնավորապես՝ ՍԴ դիմելու հիմքերն ու հիմնավորումները: Դատարանն այս դատական նիստի ընթացքում ընդամենը անդրադարձավ դատական ակտի ներածական և եզրափակիչ մասին: Նույնիսկ չանդրադարձավ եզրափակիչ մասին, թե Քրեական դատավարության օրենսգրքի ո՞ր նորմերին հղում կատարելով՝ քրեական հետապնդումը դադարեցրեց:
Դրանք վերաբերո՞ւմ էին արդյոք այն նորմերին, որոնց մենք, որպես կիրառման ենթակա նորմեր, հղում էինք կատարել և նշել, որ դրանք առերևույթ հակասահմանադրականության խնդիր ունեն, հետևաբար դրանց կարող ենք անդրադառնալ բացառապես դատական ակտը ստանալուց և դրա պատճառաբանություններին ծանոթանալուց հետո:
Այս պահին նույնիսկ չեմ կարող ասել՝ դատարանը որևէ հղում կատարել է մեր առարկություններին ՍԴ դիմելու վերաբերյալ, թե ոչ»,- ասաց մեղադրողը:
Լրագրողների հարցին՝ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ «Մարտի 1-ի» գործը փլուզվեց, պատասխանեց՝ իրենք սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքների մասով իրենց դիրքորոշումն արտահայտել են: «Արտահայտել ենք, որ ՍԴ կողմից կայացված որոշումից հետո որոշակի խնդիրներ են առաջացել թե՛ դատախազության՝ իրենց լիազորություններն իրականացնելու, թե՛ նաև դատարանի կողմից հետագայում նաև տուժողների իրավունքներն ապահովելու տեսանկյունից: Այս բոլոր հարցերին հնարավոր կլինի մանրամասն, համակողմանի անդրադառնալ բացառապես այդ դատական ակտը ստանալուց հետո»,- նշեց Պետրոսյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դատախազությունը նոր մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չունի: «Այսինքն՝ չկա արարք, որը ՀՀ-ն կհամարի որպես հանցագործություն, և դատախազությունը պետք է առաջնորդվի անմեղության կանխավարկածով»,- ասաց պաշտպանը:
Օրբելյանի խոսքով՝ անհրաժեշտ է քննություն իրականացնել՝ պարզելու մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում 10 մարդու սպանության մեղավորներին և նրանց մահվան հանգամանքները: «Տուժողների ներկայացուցիչները պետք է դիմեն ՀՔԾ՝ պահանջելով քննել վերոնշյալ հանգամանքները, և եթե գործը կգա, կհասնի նրան, որ պարոն Քոչարյանը մեղավոր է, այդ ժամանակ կխոսենք»,- ասաց նա:
Պաշտպանի խոսքով՝ դատական գործը շարունակվելու է կաշառք ստանալու հետ կապված մեղադրանքով: Նա նշեց, որ մի շարք հանգամանքներ ստիպում են պնդել, որ այդ գործընթացը օրինականության խնդիր ունի: