Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դատարանը դադարեցրեց: Հիմքը, ըստ դատարանի, հանցագործությունն ապացուցող դեպքի բացակայությունն էր: Մարտի 1-ի՝ 300.1 հոդվածի սահմանադրական կարգի տապալման մասով անջատված գործի վարույթը կարճվեց: Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացվեցին, իսկ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ազատության մեջ գտնվել՝ գրավի դիմաց: Երկրորդ նախագահը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, սակայն, մեղադրվում են նաև այլ հոդվածներով: Քոչարյանը՝ կաշառք ստանալու, իսկ Գևորգյանը՝ կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: Դատարանի որոշմամբ՝ քրեական այդ գործի քննությունը շարունակվում է:
Աննա Դանիբեկյան, դատավոր - Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը մնացած մասով՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին 311-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ կետով և Արմեն Գևորգյանին՝ 311-րդ չորրորդ մասի, 190-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի մասով սույն քրեական գործի քննությունը շարունակվում է:
Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր էր ճանաչել քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը՝ սահմանադրական կարգի տապալումը: Կարճված այդ գործին անդրադառնալով՝ մեղադրող կողմը մեկնաբանեց՝ դատարանը չանդրադարձավ, թե կոնկրետ ո՞ր նորմերին հղում կատարելով դադարեցվեց քրեական հետապնդումը: Գլխավոր դատախազը ևս դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով քրեական դատավարության օրենսգրքի ու Սահմանադրության դրույթներ։ Դատախազությունը նշում է, որ նման դեպքերում հնարավորություն չի տրվում վերաորակել մեղադրանքը, անգամ այն դեպքում, երբ առաջադրված հոդվածը հակասահմանադրական է ճանաչվել, բայց մարդու արարքը հանցակազմ պարունակում է և պետք է պատժվի՝ թեկուզ մեկ այլ հոդվածով:
Մեղադրող կողմը կարծում է՝ սահմանադրական կարգի տապալման փոխարեն Քոչարյանին և մյուսներին կարող է մեղսագրվել քրեական օրենսգրքի մեկ այլ հոդված՝ պաշտոնական լիազորություններն անցնելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Դատախազների համոզմամբ՝ Քոչարյանի գործով որոշում դատարանը կարող էր կայացնել միայն ՍԴ-ում՝ իրենց դիմումի քննությունից հետո: 2008-ի հետընտրական փուլում, Երևանում տեղի ունեցած արյունալի դեպքերից տասը տարի անց՝ 2018-ին, մեղադրանք էր առաջադրվել երկրորդ նախագահին, այդ ժամանակվա Գլխավոր շտաբի պետին, Երևանի կայազորի պետին և նախագահի աշխատակազմի ղեկավարին:
Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի՝ կաշառք ստանալու դրվագով գործի քննությունը կշարունակվի ապրիլի 13-ին: