Հեռավար կրթության խնդիրները հավաքագրելու և լուծումներ առաջարկելու համար Երևանում և մարզերում 365 ուսուցչի առցանց հարցում է իրականացվել: Առանձին հանդիպումներ են եղել նաև ընտանիքների հետ՝ առցանց ուսուցման հարմարավետությունը պարզելու համար: Ուսուցիչների 15 տոկոսն ինտերնետ չի ունեցել, 32 տոկոսը թվային սարքերի հին կամ չլինելու պատճառով չի կարողացել դասընթացը կազմակերպել: Որոշ ընտանիքներ էլ դուրս են մնացել առցանց կրթությունից՝ համակարգչի կամ ինտերնետի բացակայության պատճառով:
Արմենուհի Բուրմանյան, «Մանկական զարգացման հիմնադրամի» ծրագրի համակարգող - Ուսուցիչների 28 տոկոսը նշել է, որ երեխաներն ավելի պասիվ են դարձել, 16 տոկոսը նշել է, որ բավականին շատ բացակայություններ են եղել:
Համավարակի հենց սկզբից ԿԳՄՍ նախարարությունը 1100 տեսադաս է նկարահանել՝ օգնելով ուսուցիչներին արդյունավետ կազմակերպել հեռավար դասապրոցեսը:
Հայկ Դավեյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ - Երեք հարթակ ենք ստեղծել Ֆեյսբուքում՝ որպես արդյունավետ գործիք:
Որպես վերահսկող օղակ, կրթության տեսչական մարմինն աջակցել է հեռավար կրթության կազմակերպման հարցում: Իրենք ևս արձանագրել են թվային սարքերի, ինտերնետի բացակայությունը: Չնայած խնդիրներին, տեսչական մարմինը 80 տոկոս ներգրավածություն է արձանագրել:
Ալեքսանդր Շագաֆյան, Կրթության տեսչական մարմնի ղեկավար - Տեսչական մարմինն այս տարվա աշխատանքային ծրագրով, որպես ուսումնասիրություն, փորձում է հասկանալ, թե մեր ուսումնական հաստատություններն աղետների և դրանից եկող ռիսկերի նկատմամբ ինչքանո՞վ են դիմակայուն:
Հետազոտությունը ցույց է տվել, որ մեծամասնությունը կողմ է առկա ուսուցմանը: Բայց, քանի դեռ համավարակի նահանջը զգալի չէ, մասնագետները համոզված են՝ պետք է կիրառել ամբողջ գործիքակազմը՝ առցանց կրթությունը գործնականում առավել մատչելի դարձնելու համար: