ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյան այսօր աշխատանքային այց է կատարել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ։ Անտառտնտեսության մասնաճյուղի գրասենյակում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մասնաճյուղի ղեկավարի և աշխատակիցների հետ։
Հանդիպմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարը։
«Քննարկեցինք անտառային ոլորտի խնդիրներին և դրանց հայեցակարգային լուծումներին առնչվող մի շարք հարցեր։ Անտառային ոլորտի կառավարման քաղաքականությունը պետք է լինի համալիր և վերջնական լուծումներ տա անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների առկա մարտահրավերներին։ Մեր գործողությունների արդյունքում պետք է լիարժեք ապահովենք անտառների սոցիալական և տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործումը։
Առանձնակի անդրադարձ կատարեցի «Վայոց ձոր անտառտնտեսության» տարածքից շուրջ 7-ից 8000 հա տարածք «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ և «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին անհատույց ու անժամկետ տրամադրելու Կառավարության 2006 թվականի որոշումն ուժը կորցրած ճանաչելու և այդ տարածքները պետական տնօրինմանը վերադարձնելու հարցին։
Հիշեցնեմ, որ Վայոց ձորի մարզի «Եղեգիսի կիրճ» տարածքի պահուստային ֆոնդի արոտներից 339,5 հեկտարը փոխադրվել էր անտառային ֆոնդի հողերի կատեգորիա, նշված հողերը և «Եղեգիսի կիրճ» անտառային ֆոնդի հողերից 2060,5 հեկտարը, Սյունիքի մարզի Գեղիի ու Դարմանաձորի հատվածից 495 հեկտար տարածքներն առանձնացվել և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել էր «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Վայոց ձորի մարզի Ջերմուկի անտառտնտեսության` 4118 հեկտար ու Եղեգիսի անտառտնտեսության` Հերհերի անտառպետության` 3620 հեկտար և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերից 5329,91 հեկտար 49 տարի ժամկետով օգտագործման իրավունքով տրամադրվել էր «Կենդանիների աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
Սույն թվականի փետրվարի 11-ին Կառավարությունը որպես չզեկուցվող հարց էր ներառել Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սաֆարի ինտերնացիոնալ»-ի հետ համապատասխան պայմանագիրը խզելու և Կառավարության համապատասխան որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Այդ տարածքներում անտառկառավարման ու անտառպահպանության պետության կողմից վերաստանձնման ուղղությամբ շարունակում ենք գործուն քայլեր իրականացնել։
Հանդիպման ավարտին ոլորտի մասնագետները ներկայացրեցին մարզում առկա ընթացիկ խնդիրները և բարձրաձայնեցին անտառտնտեսությունների տեխնիկական վերազինման անհրաժեշտության մասին, քննարկեցինք դրանց հնարավոր լուծումները և մեր հետագա քայլերը»,- հայտնել է նախարարը։