Ապրիլի 6-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Արցախի ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանին:
Քննարկվել են պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորման հետ կապված հարցեր:
Հարկային բեռի թեթևացման, գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման նպատակով Ազգային ժողովի կողմից ընդունվել են 2 նոր օրենքներ, 17 օրենքում կատարվել են փոփոխություններ: Ընդունված օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով Կառավարության որոշումների հիման վրա պետական եկամուտների կոմիտեի կողմից միջոցառումներ են իրականացվում:
Դավիթ Պողոսյանը ներկայացրել է ամփոփ տեղեկատվություն, համաձայն որի՝ օկուպացված համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած 521 հարկ վճարողների տրամադրվել են շուրջ 197 մլն դրամի չափով հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ:
«Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքի համաձայն՝ 5603 հարկ վճարողներ ազատվել են ավելի քան 6 մլրդ 300 մլն դրամի չափով պարտավորություններից:
Ընթացքի մեջ են մի շարք այլ միջոցառումներ: Առաջիկա օրերին կմեկնարկի վճարված ձեռնարկատիրական վարկերի, փոխառությունների և դրանց սպասարկման համար տոկոսների չափով վճարված հարկերի գումարների 50 տոկոսի վերադարձման գործընթացը:
Արթուր Թովմասյանը կարևորել է հարկային բեռի թեթևացմանն ուղղված Կառավարության ծրագրերը և ընդգծել դրանք հետևողականորեն իրականացնելու անհրաժեշտությունը: