Սարգիս Մկրտչյան (անհատ ձեռներեց) - Այս սենց կրակը եկել ա, զրոյացրել ա, մոխրացրել ա:
Գիշերը բռնկված հրեդհից տուժել է նաև Սարգիս Մկրտչյանի առևտրի կետը: Գիշերը ժամը 3-ից այստեղ է: Հրշեջների հետ փորձել են փրկել ապրանքը: Դրա որոշ մասը, նաև հարսանեկան կոնյակը հնարավոր է եղել դուրս բերել կրակից, շատ ապրանքներ մոխրացել են:
Սարգիս Մկրտչյան - Որը դուրսն ա եղել, փրկվել ա, պահեստը վառվել ա: 01:09 Եթե սրա տեղը պլաստմասսա կամ շոր լիներ, կտորեղեն, բոց կտար, մերը շշեր են:
Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է ժամանել 7 միավոր հրշեջ տեխնիկա: Հրդեհն ընդգրկել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ 2000 քառակուսի մետր տարածք: Այրվել են խաղալիքների, գրենական պիտույքների, հագուստի, տնտեսական ապրանքների տաղավարներ:
Գարեգին Հակոբյան (Երևանի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ) - Նախնական տվյալներով՝ առաջին ստորաբաժանումները հասել են, ամենաբարձր՝ 3-րդ աստիճան է հայտարարվել: Դռնբաց հատվածը մոտ 2000 ք.մ:
Ի՞նչն է եղել հրդեհի պատճառը՝ դեռ կպարզեն: Աշխատակիցները լսել են. հնարավոր է՝ հոսանքի տատանումն է դարձել խոշոր հրդեհի պատճառ:
Կարեն Կարապետյան (Քաղաքաշինության և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետ) - Հետևանքի մասին չեմ կարող ասել, հետաքննություն է իրականացվում: Արդյունքի մասին համապատասխան մարմինը կտեղեկացնի:
Խոշոր տարածք ընդգրկած հրդեհից, բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել:
Ալբերտ Երանոսյան («Շտապբուժօգնություն» ծառայության բժիշկ) - Տուժածներ չկան:
Այրվել է տոնավաճառի 18 տաղավար, չորս պահեստամաս: Փրկված ապրանքի տեղափոխման համար տրամադրվել է անվճար տարածք: Կլինի՞ արդյոք փոխհատուցում, թե՞ ոչ՝ տեղամասի ղեկավարը դժվարացավ պատասխանել: Խորհուրդը կքննարկի առևտրականների հետ, կորոշեն:
Վարդան Մանուկյան («Սուրմալու» առևտրի կենտրոնի տեղամասի պետ) - Պայմանագրով վարձակալած տարածքներ են: Բոլորը պայմանագիր ունեն, տեղափոխենք պահեստ, հետո կտեսնենք՝ ինչ ենք անում:
Տեղի ունեցածից անակնկալի եկած առևտրականները ևս դեռ չգիտեն՝ ինչ են անելու: Մի քանի ժամում կրակն այրել է տարիների ներդրումը: