«Հայրենիքի փրկության շարժման» մարզային առաջին հանդիպումը Սևան քաղաքում էր: Շուրջ մեկ ամիս Բաղրամյան և Դեմիրճյան փողոցները փակ պահելուց հետո շարժումը մարտի 28-ին հանեց տեղադրված մի քանի վրանը և հայտարարեց՝ մեկնարկում է պայքարի նոր փուլ: Քաղաքացիների հետ հանդիպմանը, սակայն, առաջնորդների մեծ մասը ներկա չէր:
Առաջինը ելույթ ունեցավ նախկին վարչապետը, ու թեև շարժմանը մաս կազմող ուժերից մի քանիսն արդեն հայտարարել են հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելու մասին, Բագրատյանը կոչ արեց բոյկոտել ընտրությունները: Ասաց՝ ինքն էլ պատրաստ է գյուղից գյուղ շրջել և մարդկանց բացատրել, իր գնահատմամբ, առկա վտանգների մասին և հորդորել լրջանալ:
Արտահերթի անցկացմանը դեմ արտահայտվեց նաև շարժման վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանը: Հենց նա էլ հարթակից հիշեցրեց ժամանակավոր կառավարություն ձևավորելու իրենց օրակարգի մասին:
Վազգեն Մանուկյան (ՀՓՇ վարչապետի թեկնածու) - Ներկա ընտրությունները, բացի գլխացավանքից և վնասակարությունից, Հայաստանին ոչինչ չեն բերելու:
Ընտրություններին մասնակցել-չմասնակցելու որոշում դեռ չի կայացրել Դաշնակցությունը: Ռոբերտ Քոչարյանը Պոզներին տված հարցազրույցում հայտնել է, որ ընտրություններին մասնակցելու է կուսակցությունների դաշինքի առաջնորդի կարգավիճակում՝ առանց հստակեցնելու, թե խոսքը որ ուժերի մասին է: Արդյոք այդ կուսակցություններից մեկը Դաշնակցությո՞ւնն է:
Սաղաթելյանը հիշեցրեց՝ ունեն պայքարի 3 փուլ, մինչև Փաշինյանի հրաժարականը, հրաժարականի 14 օրը, եթե այդ ընթացքում չհաջողվի հեռացնել նրան, այն ժամանակ կորոշեն ընտրություններին մասնակցության հարցը։