ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Հայաստանն ու Արցախը պետք է կառուցենք նորովի»:
Տեսանյութն արվել է Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում:
«1992-ից մինչև 2020 թվականը «Հայաստան» համահայկական հիմնադրամով հանգանակվել է մոտավորապես 313 մլն դոլար: Պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամով հանգանակվել է մոտավորապես 220 մլն դոլար, այսինքն՝ 28 տարվա ընթացքում հանգանակվածի մոտավորապես 70 տոկոսը: Եվ հիմա, այն ծրագիրը, որ պատրաստվում ենք իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամով Արցախում, ըստ էության, լինելու է կա՛մ նույնական, կա՛մ ավելի մեծ ծրագիր, քան Արցախում նախկինում իրականացված բոլոր ծրագրերը միասին վերցրած: Արցախում պետք է իրականացվի 110 մլրդ դրամի բնակարանաշինական ծրագիր, և մենք այսպիսի գործերով պետք է բարձր պահենք մեր նահատակների հիշատակը: Մենք Հայաստանը պետք է կառուցենք նորովի: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր նահատակների ժառանգները, հարազատները երբևէ մտածեն, թե նրանց զոհողությունները իզուր են եղել:
Եվ դրա պատասխանը պետք է լինի երջանիկ, ազատ, հզոր Հայաստանը՝ ազատ, հզոր, ինքնավստահ քաղաքացիներով»,- ասում է վարչապետը: