ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոսկովյան այցի նախօրեին պատասխանել է РИА Новости գործակալության հարցերին: Նա ասել է, որ երկրում խորհրդարանի արտահերթ ընտրությունները կանցկացնեն այնպես, որ բողոքարկելու առիթ չլինի:
Փաշինյանի խոսքով՝ 2018-ի դեկտեմբերին անցկացված ընտրությունները «բացառիկ էին նրանով, որ 1996-ից հետո առաջին անգամ ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել Սահմանադրական դատարանում»:
«Մեզ հաջողվեց ապահովել ամբողջովին թափանցիկ, ազատ ու արդար ընտրություններ, որոնց արդյունքներն ընդունվել են բոլորի կողմից: Դրանք բարձր են գնահատել նաև միջազգային դիտորդական կառույցները: Վստահ եմ, որ առաջիկա ընտրությունները նույնպես կանցկացվեն բարձր մակարդակով: Համոզված եմ, որ այս անգամ էլ մեր ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ կձևավորի լեգիտիմ իշխանություն: Մենք կարող ենք ապահովել այնպիսի ընտրությունների անցկացում, որ չլինի դրանք բողոքարկելու առիթ»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: