Ապրիլի 7-ին Մոսկվայում կայանալիք աշխատանքային այցի նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Интерфакс գործակալության հետ հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հետագա հարաբերություններին, տնտեսական կապերի և ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին:
- Պարոն վարչապետ, որքանո՞վ է հայ-ռուսական հարաբերությունների ապագան կախված առաջիկա արտահերթ ընտրությունների արդյունքներից:
«Հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները բավականին հարուստ և ընդարձակ են: Դրանք հիմնված են մեր բարեկամական ժողովուրդների պատմական կապի վրա: Նման հարաբերությունների բնույթը կախված չէ արտահերթ ընտրությունների ելքից»,- նշել է ՀՀ վարչապետը:
- Տարածաշրջանում տնտեսական կապերի բարելավման գործընթացն այսօր որքանո՞վ է կախված քաղաքական գործոնից, մասնավորապես՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ հայ-թուրքական սահմանը Թուրքիան միակողմանի փակել էր դեռևս 1993-ին: Հայաստանը միշտ հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օգտին՝ առանց նախապայմանների, սակայն Թուրքիան մերժել է դա: Անկարայի նման թշնամական քաղաքականությունը նոր թափ ստացավ Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ընթացքում: Մասնավորապես, Թուրքիան Ադրբեջանին ցուցաբերել է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով օտարերկրացի ահաբեկիչ զինյալների: Այս ենթատեքստում, տարածաշրջանում ամուր խաղաղություն հաստատելու և տնտեսական պատկերը վերականգնելու համար, Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ այդպիսի ագրեսիվ քաղաքականությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
- Հայաստանը շարունակելո՞ւ է հետագայում գնել ռուսական զենք, մասնավորապես՝ Су-30СМ կործանիչներ և այդ ռազմական օդանավերի համար սպառազինություն:
«Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից: ՀՀ տարածքում ստեղծված են և, միջպետական երկկողմ համաձայնագրերի համաձայն, գործում են երկու հայ-ռուսական խմբավորումներ՝ Զինված ուժերի միավորված խմբավորում և Հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում և, բացի դրանից, երկու պետություններն էլ ՀԱՊԿ անդամ պետություններ են, որի ձևաչափում նույնպես ստեղծվել են զորքեր (հավաքական ուժերի) և միավորված խմբավորումներ: Հասկանալի է, որ Հայաստանը խիստ շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումներով, որպեսզի ունենա ժամանակակից և, առաջին հերթին, ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ համատեղելի զենք ու զինամթերք: Այդ պատճառով մենք շահագրգռված ենք, որ Հայաստանին զենքի ու զինամթերքի մատակարարումն իրականացվի նույն կոմպլեկտավորումով, ինչն իրականացվում է ՌԴ զինված ուժերի համար:
Ինչ վերաբերում է Ձեր նշած ինքնաթիռի տեսակին, ապա նույնպես դրական կպատասխանեմ, քանի որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային զինված ուժերի զարգացման ծրագրով»,- ասել է ՀՀ վարչապետը:
- Հայաստանը դիտարկո՞ւմ է զենքի և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար ռուսական նոր վարկի տրամադրման հարցը: Ի՞նչ զենքի կարիք ունի Երևանը: Ե՞րբ է Հայաստանը նախատեսում փակել սպառազինության գործող վարկը:
«Նման հարցերի վերաբերյալ որոշումները կկայացվեն՝ կախված բանակի բարեփոխումների արդյունքներից, որոնք մենք ներկայումս իրականացնում ենք: Այս փուլում իմաստ չեմ տեսնում քննարկել ֆինանսավորման աղբյուրներն ու կառուցվածքը՝ առանձնացված նպատակներից և խնդիրներից, որոնք կանխորոշված կլինեն բանակի բարեփոխումների գործընթացում: Ինչ վերաբերում է ընթացիկ վարկային պարտավորություններին, ապա, իհարկե, դրանք պատշաճ և ժամանակին կսպասարկվեն»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: