Հայաստանում փետրվար ամսին միջին աշխատավարձը ավելացել է շուրջ 11 հազարով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աշխատատեղերի թիվը պակասել է 8000-ով՝ տեղեկացրել է ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Փետրվար ամսվա միջին աշխատավարձի տարբերությունը կազմել է 11 հազար դրամ՝ 193 հազարից դառնալով 204 հազար դրամ: Մենք ուսումնասիրել ենք նախ աշխատատեղերի տարբերությունը: Թիվը 8000-ով պակաս է, քան անցյալ տարի՝ համեմատելի ամսում: Այդ 8000 աշխատատեղերը բաժին են ընկնում համավարակի հետևանքով խոցելի ոլորտներին՝ հասարակական սնունդ, կացության կազմակերպում, հյուրանոցային տնտեսություններ»,- հայտարարել է նա:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ աշխատավարձերի բարձրացման վրա իր ազդեցությունն է ունեցել ՊԵԿ վարչարարությունը, որ տնտեսվարողներն աշխատավարձերի չափերը հնարավորինս ճիշտ են ներկայացրել հարկային հաշվարկներում: «Իրենց ազդեցությունն են ունեցել նաև Կառավարության կողմից բազմաթիվ միջոցառումներով տնտեսվարողներին և աշխատակիցներին տրված գումարները»,- նշեց Հովհաննիսյանը: