Ընդգծելով, որ Վիեննայում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ հանդիպումը կողմերի համար գործարքի պարտավորությունների կատարմանը վերադառնալու վերաբերյալ տեսակետներ փոխանակելու լայն հնարավորություն է, Իրանի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Իրանի ու Միացյալ Նահանգների միջև բանակցություններ տեղի չեն ունենալու՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:
«Այսօր մենք ականատես ենք լինում հարկադրանքը ձախողելու և միջուկային գործարքը վերակենդանացնելու գործընթացի նոր էջին: Ինչպես կանխատեսում էինք, Միացյալ Նահանգներն ընդունել է, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումը ձախողվել է, և այս պարագայում միակ ուղին միջուկային գործարքը վերականգնելն ու բոլոր կողմերին պարտականությունների կատարմանը վերադարձնելն է»,- հայտարարել է Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբեին:
Նա վստահեցնում է, որ մոտ ապագայում ամերիկյան կառավարությունն այլ տարբերակ չի ունենա, քան դադարեցնել անօրինական գործելաոճը և վերջ դնել միջազգային համաձայնագրերն ու կանոնակարգերը ոտնահարող միակողմանի պատժամիջոցները: