Փարիզի դատախազությունը սկսել է ստուգել տեղեկությունները, որոնց համաձայն՝ որոշ նախարարներ գաղտնի խնջույքներ են անցկացրել ռեստորաններում, մինչդեռ երկրում նման միջոցառումներն արգելված են COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ հայտնում է INTERFAX-ը՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները:
Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննության նպատակն է «պարզել ներկա սանիտարահամաճարակային սահմանափակումներին հակառակ տեղի ունեցած գաղտնի երեկույթների բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին»:
Սկանդալը բռնկվել է, երբ M6 հեռուստատեսությունը ցուցադրել է տեսանյութ, որում ասվում է, որ «մի շարք նախարարներ» գաղտնի այցելել են Փարիզի շքեղ ռեստորաններ: «Խավիար, շամպայն, ճաշացանկ բարձրակարգ խոհարարներից և միշտ՝ առանց դիմակների»,- ասված է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
Ըստ «Եվրոպա 1» ռադիոկայանի՝ նման ռեստորաններում մեկ անձի համար ընթրիքի գինը տատանվում է 160-490 եվրոյի սահմաններում:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը նշել է, որ տեղեկությունները ճշտելուց հետո մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: