Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլենի հետ։
Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի ղեկավար Սիրիել Լուրդը, համագործակցության ծրագրերի պատասխանատու Մարիամ Դավթյանը, կինոկենտրոնի ֆիլմհանձնակատար Մելիք Կարապետյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ֆրանսիական կապերն ու հարուստ մշակութային ավանդույթը, խոսել են համատեղ կինոարտադրության ներկայիս հաջողությունների, մասնավորապես՝ 2020 թվականին Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրության կինոնկարը Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում ընդգրկվելու մասին։ Միաժամանակ քննարկվել է կինոարտադրության և հայկական կինոժառանգության վերականգնման ու պահպանման հարցերի կարևորությունը։
Շուշանիկ Միրզախանյանն անդրադարձել է կինոկենտրոնի գործունեությանը, ներկայացրել նախատեսվող կինոծրագրերն ու իրականացվելիք աշխատանքները: Ի պատասխան՝ Գիյոմ Նարժոլեն նշել է, որ հնարավորության սահմաններում կփորձեն մասնակցել և աջակցել ծրագրերի իրականացմանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ֆրանսիական տարբեր մշակութային ինստիտուտների միջև կապերի ակտիվացմանը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել փոխհամագործակցությունը՝ ի նպաստ հայ-ֆրանսիական մշակութային բարեկամության։