Քովիդային համավարակի դժվարությունները հաղթահարելու ճանապարհով է գնում նաև քիք բոքսինգի Հայաստանի ազգային ֆեդերացիան։ Նախորդ տարի տևական ժամանակ, երբ մարզադահլիճները փակ էին, ու դեռ պարզ չէր, թե ինչպես են իրադարձությունները զարգանալու, քիքբոքսերը զրկված էին ամբողջ ծանրաբեռնվածությամբ մարզվելու հնարավորությունից։
Մարզումային պրոցեսի բացակայության պայմաններում էլ անիմաստ է խոսել մրցաշարերի անցկացման մասին, սակայն այժմ, երբ ակումբները վերսկսել են ամբողջ թափով աշխատել ու մարզիկները վերադառնում են, քիք բոքսինգի Հայաստանի ազգային ֆեդերացիան որոշում կայացրեց անցկացնելու նաև տարվա օրացուցային ծրագրով առաջին խոշոր միջոցառումը՝ քիք բոքսինգի Հայաստանի ուժեղագույն ակումբների միջև առաջնությունը, որը նվիրված էր նախորդ տարի Արցախում հայրենիքի պաշտպանության նվիրական գործի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին։ Մրցաշարի մեկնարկը հանգստյան օրերին տրվեց «Դինամո» մարզադահլիճում։
Երկու օր տևած համառ ու դիտարժան պայքարում տարբեր տարիքային խմբերում ու ոճերում հայտնի դարձան հաղթողներն ու մեդալակիրները։ Քիք լայթ ոճում, -37 կիլոգրամ քաշային կարգում հաղթեց Հրաչյա Խաչատրյանը, ֆուլ կոնտակտ -57-ում՝ Գրիգոր Դավթյանը, -67-ում՝ Նարեկ Հայրապետյանը, իսկ -75 կիլոգրամ քաշայինում՝ Վրեժ Մաթևոսյանը, լոու քիք -63.5-ում լավագույնը Գոռ Պապիկյանն էր։
7-9 տարիքային խմբում ոսկե մեդալ նվաճեց Դավիթ Վերմիշյանը, 10-12-ի քիք լայթ կոնտակտում՝ Ալեքսանդր Հայրապետյանը։ Իրենց տարիքային խմբերում քիք բոքսինգի ուժեղագույն ակումբների առաջնությունում հաղթողներ դարձան նաև Դավիթ Մանջարջյանը, Արման Արշակյանը, Գոռ Փալանջյանը։ Ֆեդերացիայում կարևորում են տարվա մեկնարկը նման խոշոր մրցաշարի անցկացմամբ։ Նախատեսվում է այս տարի անցկացնել նաև քիք բոքսինգի Հայաստանի առաջնությունը։ Արդյունքների հիման վրա լավագույնները կմասնակցեն տարվա ընթացքում նախատեսված միջազգային մրցաշարերին։
Հեղինակ՝ Գևորգ Ղազարյան