Կորոնավիրուսի դեմ պատերազմում պայքարի նոր ճակատ է բացվել սպիտակ բանակի համար: Հայաստանում դեռ հայտնաբերված է կորոնայի բրիտանական շտամով վարակի 10 դեպք: Թեստի դրական արդյունքով 12 նմուշ տրամադրել է առողջապահության նախարարությունը:
Ռոքսանա Զախարյան (Հայ-ռուսական համալսարանի գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և երրորդ սերնդի սեկվենավորման կենտրոնի ղեկավար) - Հենց այս փոքրիկ սարքի միջոցով է իրականացվել սեկվենավորումը վիրուսի: Կորոնավիրուսի հաջորդականությունն ենք փորձել որոշել՝ հասկանալու՝ ո՛ր շտամն է, ի՛նչ ուղիով է եկել: Նորագույն սարք է, աշխարհի մակարդակով շատ քիչ լաբորատորիաներ ունեն:
ԱՀԿ-ի տվյալով՝ եվրոպական երկրներում կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքը պայմանավորված է հենց այս շտամով:
Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Վերարտադրողականությունը 36 տոկոսով բարձր է, այսինքն՝ տվյալ վիրուսն ավելի արագ է տարածվում: Ինչ վերաբերում է կլինիկական ախտանշաններին, դեռևս հայտարարություններ պաշտոնական միջազգային կազմակերպությունների կողմից չկան:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ու Հայ-ռուսական համալսարանի գիտական խմբերին հետաքրքրել են վիրուսի գենետիկական հիմքերն ու առանձնահատկությունները: Նոր շտամի բացահայտման աշխատանքում ներգրավվել են նաև բուհի ուսանողները:
Ռոքսանա Զախարյան - Հետազոտությունները, որ մենք կատարեցինք, ցույց են տալիս՝ շտամն ինչ առանձնահատկություններ ունի, այդ շտամը լրացուցիչ մուտացիաներ ունի, փոփոխություններ կան, որոնք սկզբնական տարածված շտամից տարբերվում են:
Երրորդ սերնդի սեկվենավորման սարքը միացվում է համակարգչին, համապատասխան ծրագրով մշակվում են տվյալները:
Ռոմելլա Աբովյան - Եղել են ՀՀ քաղաքացիներ, դիմել են ՊՇՌ հետազոտության, ունեցել են ախտանշաններ քովիդի և կարիք են ունեցել լաբորատոր հետազոտության:
Ռոքսանա Զախարյան - Բրիտանական շտամում տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ կան մուտացիաներ իմունային, չնայած բրիտանական շտամն ա, բայց առանձնահատուկ տարրեր չկան:
Քովիդի դեմ պատվաստանյութերը, մասնագետի խոսքով՝ կարելի է օգտագործել նաև այս շտամի դեպքում: Առողջապահական նոր մարտահրավերին Հայաստանն արագ արձագանքեց՝ իր լուման ներդնելով կորոնայի նոր տեսակի դեմ պայքարում: Սեկվենավորված նմուշները հասանելի են տվյալների միջազգային բազայում: