Նարեկ Հովհաննիսյան և Թովմաս Թովմասյան: Ավագ լեյտենանտների անուններն այսուհետև կհամալրեն Արցախի հերոսների շարքը:
Հայրենիքի պաշտպանության գործում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Պաշտպանության բանակի 3-րդ հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ 29 տարեկան Նարեկ Հովհաննիսյանին և դիպուկահարների դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ 38-ամյա Թովմաս Թովմասյանին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հետմահու շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան։
44-օրյա պատերազմի ժամանակ Նարեկն ու Թովմասն ակտիվ մասնակցել են մարտական դիրքերի պաշտպանությանը, դիվերսիոն-հետախուզական գործողություններ են իրականացրել հակառակորդի թիկունքում, ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ պատճառել:
Հատուկ գրոհային խմբի կազմում նրանք պաշտպանական մարտեր են մղել ու գործողություններ իրականացրել սկզբում 7-րդ պաշտպանական շրջանում, հետո այլ ուղղություններում՝ Սղնախ, Քարին տակ գյուղերի ու Շուշիի մատույցներում: Տղաները չեն լքել իրենց վստահված դիրքը, պատվով կատարել են մարտական խնդիրը: