«Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղին այսօր հարստացավ ազգային կինոյի ևս մեկ նվիրյալի՝ Մարտուն Ադոյանի անունը կրող աստղը հավերժացնող հուշասալիկով: Գրեթե 3 տասնամյակ Ադոյանը կինոյի հանդեպ իր ամբողջ սերն ու նվիրումը խտացրել է երևանյան ամենահին ու սիրելի կինոթատրոնի պահպանության, զարգացման, նաև փրկության գործում:
Հիշելով Ադոյանի հայտնի պատվախնդրությունը՝ մանկության ընկերները, գործընկերներն ու երկարամյա բարեկամները փաստում են՝ արմատներով սասունցու և արժանապատիվ ուջանցու բարեհոգությամբ չկար մեկը, որին որևէ հարցում մերժեր Ադոյանը: Տարիներ առաջ Արևմտյան Հայաստան այցելությունից հետո նա չէր դադարում կարոտաբաղձությամբ ու ցավով հիշել հայրենի Սասունը:
Երբ հայկական կինոյում սկսվեց համարտադրությամբ ֆիլմերի շրջանը, Ադոյանը, որպես պրոդյուսեր, ներկայացնում էր լավագույն կինոնախագծերը միջազգային կինոհարթակներում՝ հատկապես նպաստելով երիտասարդ կինոգործիչների առաջընթացին:
Հիշելով «Մոսկվա» կինոթատրոնի փրկության պատմությունը՝ գործընկերներն ընդգծում են՝ Հայաստանի և կինոյի համար ոչ լավագույն ժամանակներում Ադոյանը ջանք չխնայեց կինոթատրոնը պահպանելու համար:
Հիմա արդեն քիչ են այն գործարարները, որոնք կինոյի և մշակույթի հանդեպ նույնպիսի նվիրում ունեն՝ փաստում են ընկերներն ընդգծելով, որ այսօր էլ «Մոսկվա» կինոթատրոնի պատմությունը շարունակվում է՝ շնորհիվ Մարտուն Ադոյանի: