Օրերս Մեծավան համայնքում անցկացվել է Հայաստանի փաուերլիֆտինգի առաջնությունը՝ նվիրված Հայաստանի փաուերլիֆտինգի ֆեդերացիայի անդամ Սևակ Սերոբյանի հիշատակին: Արցախյան պատերազմից առաջ Սևակ Սերոբյանը սահմանել էր երկու ռեկորդ, որոնց հավաստագրերը հանձնվել է նրա որդուն` Լևոն Սերոբյանին:
Առաջնությանը մասնակցել է շուրջ 130 մարզիկ: Մեծահասակների պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Արտյոմ Սոլոյանը, երիտասարդներից չեմպիոն է դարձել Արեգ Գրիգորյանը, պատանիներից՝ Արման Ղուկասյանը, վետերաններից՝ Հայկ Աֆյանը: Հաշմանդամություն ունեցող մարզիկների պայքարում առաջին մրցանակին արժանացել է Գևորգ Աֆրիկյանը, իսկ կանանց մրցաշարում լավագույնն է եղել Մալվինա Էվինյանը:
Թիմային պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մեծավանի հավաքական թիմը, երկրորդ մրցանակակիրը Սպիտակի թիմն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լեռնավանը:
Առաջնությունում սահմանվել են նաև Հայաստանի ռեկորդներ, մասնավորապես՝
Արտյոմ Սոլոյան (82.5 կգ քաշային կարգ)` 185 կգ, պառկած սեղմում,
Դավիթ Սոլոյան (25 կգ քաշային կարգ)` 32.5 կգ, պառկած սեղմում,
Մալվինա Էվինյան (56 կգ քաշային կարգ)` 62.5 կգ, պառկած սեղմում։
Բոլոր մարզիկներն իրենց հաղթանակները և ռեկորդները նվիրել են Սևակ Սերոբյանի հիշատակին:
Հավելենք, որ Հայաստանի փաուերլիֆտինգի ֆեդերացիան ևս մեկ առաջնություն նախատեսում է անցկացնել ապրիլին, իսկ մայիսի 20-23-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը: