«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի վերջին: Իշխող մեծամասնության ղեկավարը նշում է, թեև հստակ որոշում դեռ չկա, սակայն արտահերթի անցկացման հայտարարված օրը հաշվի առնելով՝ Փաշինյանի հրաժարականը կլինի ապրիլի վերջին:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ ճանապարհը, ըստ Սահմանադրության, վարչապետի հրաժարականն է: Խորհրդարանի լուծարման համար Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որից հետո Ազգային ժողովը երկու անգամ չի ընտրում նոր վարչապետ և օրենքի ուժով արձակվում է։ Այնուհետև հանրապետության նախագահը ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակում է արտահերթ ընտրություններ: Մարտի 28-ին Արարատի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետը ևս առանց հստակ օր նշելու հայտարարել էր՝ իր հրաժարականը սպասվում է ապրիլին:
Մամուլում արդեն ակտիվ քննարկումներ են քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների վերաբերյալ: Իշխող ուժի ցուցակը կգլխավորի Նիկոլ Փաշինյանը: Լիլիթ Մակունցն այդ մասին հայնտել էր մոտ երկու շաբաթ առաջ, այսօր շեշտում է՝ վերջնական որոշումն, այդուհանդերձ, կկայացնի վարչությունը: Թե ովքեր կլինեն ցուցակի տասնյակում, Մակունցը փակագծեր չի բացում:
Նախընտրական ցուցակներ կազմելու համար «Լուսավոր Հայաստանն» սպասում է վարչապետի հրաժարականին:
Իշխանություն դառնալու ակնկալիքով՝ ընտրապայքարի մեջ մտնող «Լուսավոր Հայաստանը» չի պայքարելու մի քանի մանդատի համար՝ ընդգծում է պատգամավորը և հավելում, թե ինչպիսին կլինեն իրենց շանսերը, կախված է նաև քարոզարշավից:
Մինչև խորհրդարանի երկրորդ ընդդիմադիր ուժը խոսում է չկողմնորոշված ընտրազանգվածի ձայներն ստանալու հավակնության մասին, Լիլիթ Մակունցը պնդում է՝ իշխանությունը բարձր վարկանիշ ունի, սոցիոլոգիական հարցումներն են փաստում:
Անցած շաբաթ ընտրական օրենսգրքում կատարած փոփոխությամբ ռեյտինգային ընտրակարգից հրաժարված իշխանությունը չի բացառում, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ստանալուց հետո Ընտրական օրենսգրքում այլ դրույթներ ևս կփոխվեն, եթե դրանց շուրջ լինի կոնսենսուս: