ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի տարածումից հետո նախորդ տարվա մայիսին ԱԺ-ն փոփոխություններ կատարեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում, ամրագրելով, որ կորոնավիրուսի հետևանքով մահացած անձի ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվում:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէր, ինչը կարող էր հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, ինչպես նաև բացահայտված չէր դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ դարձավ համապատասխան օրենսդրական փոփոխությամբ սահմանել, որ ըստ բժշկական փաստաթղթերի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվում:
Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքից հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը»,- նշված է նախագծի հիմնավորումներում: