ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է շաբաթը:
2021 թվականի մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 991 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ, զանգերի թիվն ավելացել է 263-ով:
Նվազել են հրդեհի դեպքերը: Շաբաթվա ընթացքում Արցախի տարածքում գրանցվել է 6 դեպք, որոնք հիմնականում բռնկվել են տեխնիկական ու քաղաքացիների անզգուշության պաճառով՝ բաց տարածքներում:
Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց ոչնչացման կամ պահեստավորման գործընթացը շարունակվում է: Յոթօրյա ժամանակահատվածում զինամթերքի հայտնաբերման մասով ստացվել է 49 կանչ: Արցախի բոլոր շրջաններում սակրավորական ջոկատները ռուս գործընկերների և հումանիտար ականազերծող կազմակերպությունների հետ մեկտեղ շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքները:
Վերջին շաբաթվա տվյալներով հայտնաբերվել, ոչնչացվել կամ պահեստավորվել է ընդհանուր թնդանոթի 68 արկ (100 մմ) և 50 պայթուցիչ, գնդիկաբեկորային 15, հրթիռակասետային 27 ռումբ, հակատանկային մեկ ական (M-57) և 2000-ից ավելի փոքր տրամաչափի փամփուշտ: Ամբողջությամբ ականազերծված տարածքների, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների անվտանգության մասին տեղեկատվություն կհրապարակվի հաջորդ շաբաթ:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է մեկ արտակարգ պատահար: Մարտի 31-ին բարձունքային դիրքում շինարարական աշխատանք կատարելիս Ստեփանակերտ քաղաքի բնակիչը վայր է ընկել և ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փրկարարներն առաջին օգնություն ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են բժշկական կենտրոն: Վիճակը բավարար է:
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով և ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հանձնարարականով՝ ծառայության բոլոր ստորաբաժանումները շարունակում են ուսումնական պլանով նախատեսված ուսումնավարժությունները: Անցած շաբաթ մեթոդական պարապմունքներ են տեղի ունեցել Մարտակերտի շրջանային բաժնում և կառուցվածքում գործող բաժանմունքներում:
Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում փրկարար-որոնողական աշխատանքներ իրականացնող ջոկատները կատարել են 7 ելք: Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այժմ հայտնաբերվել է 1529 աճյուն: