Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացրել է դեսպան Սերգեյ Մինասյանի՝ ռումինական ազգային Agerpres գործակալության կողմից հրապարակված հոդվածի հայերեն թարգմանությունը:
«Այս տարի նշում ենք Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: 30 տարիներ, որոնք մի կողմից զգալի ժամանակահատված են միջպետական հարաբերությունների ձևավորման համար, սակայն, մյուս կողմից հայ-ռումինական հարաբերությունների պատմությունը շատ ավելի երկար և իրադարձություններով լի է: Հատկանշական են հայ և ռումին ժողովրդի պատմական շփումները, որոնք սկիզբ են առել միջնադարում, երբ Ռումինիայի պատմական տարածքում հայտնվել են առաջին հայկական համայնքները, մասնավորապես, Սուչավայում, Յաշում, Բոտոշանում, Կոնստանցայում, ինչպես նաև Տրանսիլվանիայում ու այլ շրջաններում: Ի դեպ, ինչպես իր ուսումնասիրություններում նշել է մեծն Նիկոլաե Յորգան, հայերը կարող են համարվել երկրի համահիմնադիրները, հատկապես առևտրի զարգացման գործում իրենց ունեցած ներդրման համար, և այս համատեքստում կարող եմ հպարտորեն նշել հայերի ներդրումը նաև Ռումինիայի պատմական, տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացման գործում:
Մյուս կողմից, դեռ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Հայաստանի առաջին Հանրապետությունը և Ռումինիայի Թագավորությունը փաստացի դաշնակիցներ էին կապեր էին հաստատվել այդ թվում՝ դիվանագիտական մակարդակով: Բուխարեստում հիմնադրվել էր Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, որը, Ռումինիայի կառավարության համաձայնությամբ, հատուկ անձնագրեր էր տրամադրել, 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանությունից և դրան հաջորդած իրադարձություններից հետո երկրում ապաստանած հայ փախստականներին:
Այսպիսով, երեսուն տարվա դիվանագիտական հարաբերություններն հաստատում են արդեն միջպետական մակարդակում այն խոր կապերը, որոնք առկա էին և շարունակում են գոյություն ունենալ Հայաստանի և Ռումինիայի միջև: Փաստորեն, պատմական այդ խոր կապերն ու ազդեցիկ հայկական համայնքի առկայությունն էին, որ նպաստել են այն բանին, որ Ռումինիան հանդիսացել է առաջին երկիրը, որի հետ 1991թ. դեկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել: Միևնույն ժամանակ, Ռումինիայի հայերի միության ջանքերով, որի նախագահը 1990թ. հանդիսանում է Վարուժան Ոսկանյանը, 1991թ. դեկտեմբերին կազմակերպվել է այն ժամանակ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Ռումինիա: Այցի ընթացքում հայ բարձրաստիճան պաշտոնյան հանդիպումներ է ունեցել իր ռումինացի գործընկեր Ադրիան Նաստասեի և այլ բարձրաստիճան ռումինացի պաշտոնյաների հետ, այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր:
Երկկողմ հարաբերությունների երկրորդ կարևոր քայլը 1994թ. ապրիլի 24-ին Բուխարեստում, Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումն էր, առաջիններից մեկն Արևելյան Եվրոպայում, իսկ ընտրված օրը պատահական չէր, քանի որ դեսպանության բացումը տեղի էր ունեցել հենց այն օրը, երբ ինչպես Ռումինիայում, որտեղ ապաստանել են գտել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը, այնպես էլ աշխորհի տարբեր մասերում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս շրջանում լուրջ օրենսդրական հիմքեր են դրվել տարբեր ոլորտներում համագործակցության համար, Ռումինիայի և Հայաստանի միջև տեղի են ունեցել բարձրաստիճան փոխայցելություններ: Կարելի է ասել, որ ներկայումս Ռումինիան և Հայաստանը կուտակել են փոխգործակցության զգալի հիմք ինչպես քաղաքական, տնտեսական, այնպես էլ գիտական, մշակութային և կրթական ոլորտներում:
Ընդլայնված սևծովյան տարածաշրջանում Եվրամիության և ՆԱՏՕ-ի կարևոր անդամի դերակատարության, ինչպես նաև իր աշխարհագրական դիրքի և պատմական կապերի շնորհիվ Ռումինիան Հայաստանի կողմից դիտարկվում է որպես դարպաս դեպի Եվրոպա: Իսկ Հայաստանն իր հերթին պատրաստ է նպաստել Կովկասյան և Եվրասիական տարածաշրջաններում Ռումինիայի տնտեսական և մշակութային մասնակցությանը: Պատահական չէ, որ Ռումինիան առաջին պետություններից էր, որը 2018թ. նախաձեռնել էր Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, որն ուժի մեջ է մտել 2021թ. մարտի 1-ից:
Կարևոր դերակատարություն ունեն նաև Ռումինիայի խորհրդարանի, որտեղ 1990թ. ի վեր հայ համայնքը շարունակաբար ներկայացված է պատգամավորական մանդատով, և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև շփումները: 1996թ. մինչ օրս ռումինահայերին ներկայացնում է պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, ով նաև Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբի ղեկավարն է:
Համագործակցության կարևոր ձևաչափ է, այդ թվում և բազմակողմ ձևաչափով, Արևելյան գործընկերությունը: Ռումինիան Եվրամիության ամենաակտիվ երկրներից մեկն է, որը հաջողությամբ առաջ է մղում Արևելյան գործընկերության ծրագրերը: Համագործակցության այս ձևաչափի հետագա զարգացման գործում հայկական կողմը մեծապես ապավինում է ռումինացի գործընկերների աջակցությանը և փոխըմբռնմանը, այդ թվում` նոր աշխարհաքաղաքական պայմաններում:
Լինելով միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ տարածաշրջանային քաղաքականության բազմաթիվ ասպեկտներում պատասխանատու դիրքեր ունեցող Ռումինիան, որն ամբողջությամբ հարգում է եվրոպական արժեքներն ու միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար սկզբունքները, հավասարակշռված դիրք է պահպանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Դա ևս մեկ անգամ հաստատվեց Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված վերջին ռազմական էսկալացիայի ժամանակ, երբ ռումինական կողմը, ԵՄ մյուս երկրների դիրքորոշմանը համահունչ, հանդես եկավ հակամարտության խաղաղ կարգավորման կոչերով` հակամարտությունը լուծելու առկա ձևաչափերով, ինչը տվյալ դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղ ջանքերն են:
Դժբախտաբար, մարտահրավերները, որ մեզ նետել է COVID-19 գլոբալ համավարակը, վերջին մեկ տարվա ընթացքում ազդել են տնտեսության, զբոսաշրջության և հաղորդակցման բնագավառում նաև միջանձնային շփումների և փոխգործակցության վրա: Ցավոք, անցյալ տարի սկսված համավարակի ֆոնին, համագործակցության բազմաթիվ ձևաչափեր, ինչպիսիք են տրանսպորտի կամ հեռահաղորդակցության ոլորտները, որոնց շնորհիվ Հայաստանն ու Ռումինիան ավելի էին մոտեցել, ժամանակավորապես դադարեցվել են: Պետք է, սակայն, հուսալ, որ սահմանափակումների մեղմացումից հետո մենք կկարողանանք վերադառնալ հիշատակված ոլորտներում արդեն իսկ նախաձեռնված պլաններին և ծրագրերին:
Հուսանք, որ Հայաստանի և Ռումինիայի համար այս հոբելյանական տարում կխթանենք երկու երկրների տնտեսական, մշակութային, գիտական և կրթական շփումները: Դիվանագիտական հարաբերությունների այս երեք տասնամյակները մի կողմից խորհրդանշում են լավ հնարավորություն` վերաիմաստավորելու այդ հարաբերությունների անցյալը, իսկ մյուս կողմից, դրանք իրական սկիզբ են հանդիսանում ապագայում առավել բեղմնավոր համագործակցության համար: Հետևաբար, մենք պատասխանատու ենք և պարտավոր նոր լիցք հաղորդել Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև համագործակցությանը, ինչպես նաև մշակել նոր ծրագրեր և հեռանկարներ ապագայի համար»: