Փակվել է Գուանտանամոյի ամենագաղտնի օբյեկտը՝ «Ճամբար 7»-ը, և բոլոր կալանավորներին տեղափոխել են հարևան «Ճամբար 5»՝ հայտնում է РИА Новости-ն:
«Ճամբար 7»-ը, որը հայտնի է նաև որպես «Պլատինիում ճամբար», ստեղծվել է 2006-ին և երկու տարի գաղտնի է պահվել: Այն նախատեսված էր «շատ արժեքավոր կալանավորների» համար, որոնք, ըստ բանտարկյալներից մեկի, ամեն օր ենթարկվում են հոգեբանական խոշտանգումների:
Գուանտանամոյի հենակայանում միջազգային ահաբեկիչների բանտը ստեղծվել է 2001 թ. սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո: Ըստ տեղեկությունների՝ շատ բանտարկյալներ այնտեղ պահվել են առանց դատի ու հետաքննության, ենթարկվել են խոշտանգումների: Տարբեր միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն և ՄԱԿ-ը, ԱՄՆ վարչակազմին կոչ են արել փակել բանտը, բայց այն շարունակում է գործել:
10 տարի առաջ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր ստորագրեց Գուանտանամոն փակելու մասին, ինչը Կոնգրեսը մերժեց, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը փոխեց Օբամայի հրամանագիրը: ԱՄՆ ներկա նախագահ Ջո Բայդենը նույնպես ցանկանում է այն փակել: Միաժամանակ նոր գերիներ Գուանտանամոյում չեն հայտնվում:
Ընդհանուր առմամբ, 775 կալանավոր է եղել այդ բանտում, որոնց գերակշիռ մասը երբեք չի ներկայացել դատարան: Այժմ Գուանտանամոյում կա 40 բանտարկյալ: