Ապրիլի 5-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպել է «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի և Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանի հետ:
Կողմերը, ի շարունակություն Վայոց ձորում մարտի 17-ին կայացած հանդիպման, մտքեր են փոխանակել կրթության բնագավառի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների և համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: Ներկայիս փուլում այդ համագործակցությունն ընդգրկում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Մալիշկա համայնքները:
Կողմերն այցելել են Վայոց ձորի մարզային գրադարան, որտեղ երկկողմ ակտիվ և հետևողական ջանքերի շնորհիվ շուտով մեկնարկելու են ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներ: Ռուսաց լեզվի զրոյական կամ տարրական իմացությամբ երեխաների համար նախատեսված պարապմունքներն ուսուցման գործընթացը կդարձնեն առավել հետաքրքիր և արդյունավետ՝ հնարավորություն ընձեռնելով երեխաներին զարգացնել ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի վերաբերյալ իրենց գիտելիքները:
Բարձր գնահատելով մարզում ռուսաց լեզվի ուսուցման նկատմամբ ցուցաբերվող մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև երեխաների կրթության զարգացման գործընթացը խթանելու նպատակով, «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել մարզային գրադարանի մանկական բաժնին նվիրել ռուսաց լեզվով անհրաժեշտ գեղարվեստական գրականություն:
Վայք համայնքի քաղաքային գրադարանի նոր և լուսավոր դասասենյակում հյուրերին դիմավորել են ինչպես ծրագրի նոր մասնակիցները, այնպես էլ նախկին փուլի սաները: Այստեղ ապրիլի 1-ից սկսվել է ռուսաց լեզվի անվճար դասընթացների երկամսյա երկրորդ ծրագիրը: Բաց դասի ավարտին «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ միասին, ավարտական վկայականներ է շնորհել առաջին ծրագրի շրջանավարտներին:
Շնորհավորելով բոլորին դասընթացների հաջող ավարտի կապակցությամբ՝ Վահրամ Կարապետյանը հորդորել է երեխաներին կանգ չառնել ձեռք բերված հաջողությունների վրա և ձգտել էլ ավելի կատարելագործել իրենց գիտելիքները: Այցելության վերջին ուղղությունը Մալիշկա համայնքն էր, ուր կողմերը տեղում դիտարկել են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ սկսելու հնարավորությունները և հեռանկարները:
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն ընդգծել են, որ ներկայիս մարտահրավերները, առավել քան երբևէ, հրամայական են դարձնում կրթված և բանիմաց երիտասարդություն դաստիարակելու անհրաժեշտությունը, ինչով և պայմանավորված է նրանց՝ ավելի ընդլայնված փոխգործակցություն ձևավորելու մղումը: Արձանագրելով, որ այս բնագավում «Մոսկվայի տուն» կենտրոնի և ՀՀ Վայոց ձորի մարզի միջև առկա է զգալի ներուժ, պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր ներդնել երկկողմ համագործակցության առավել խորացման և ամրապնդման ուղղությամբ: