Jihad Watch պարբերականն անդրադարձել է Թուրքիայում ոչ մահմեդականների ունեցվածքի շարունակական անհիմն բռնագանձումների թեմային: Սյունակագիր Բահադիր Օզգյուրն ընթերցողների ուշադրությունը հրավիրել է Milliyet թերթի հայտարարություններից մեկին: Այնտեղ նշվել է, որ եթե առաջիկա երեք ամսվա ընթացքում Վիկտոր Դիմիտրիադեսի ազգականներից որևէ մեկը չհայտնվի, նրա ունեցվածքը կբռնագանձվի՝ դատարանի որոշմամբ:
Հոդվածի հեղինակ Ուզայ Բուլութը նշում է, որ հայերին, հույներին, հրեաներին և Թուրքիայի այլ ոչ մահմեդական բնակիչների ունեցվածքի բռնազավթումը շարունակվում է: «Ստամբուլի այժմյան հիանալի շենքերից շատերը, ինչպիսիք են տները, գրասենյակները, պալատները, հյուրանոցները, թանգարանները, նույնիսկ՝ մզկիթները (նախկին քրիստոնեական տաճարներ), որոնք պատկանում են թուրքերին կամ քրդերին, նախկինում պատկանել են քրիստոնյաներին կամ հրեաներին»,- գրում է հեղինակը: Նրա խոսքով՝ Թուրքիայում ունեցվածքի բռնագանձումը ոչ մահմեդականներից մահմեդականների օգտին շարունակվում է:
Բռնագանձման մեկ այլ օրինակ է Ստամբուլի Թաքսիմ հրապարակին կից շքեղ շինություններից մեկը, որը կառուցել են Արամ և Իսակ Քարաքաշ եղբայրները՝ 1900 թ.: Այն ներկայացնում է իր ժամանակի համար յուրօրինակ նորարարական ոճ և ունի ճակատին հիասքանչ զարդաքանդակներ: Շենքն անցած դարի ընթացքում մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել, նույնիսկ պատկանել է այժմ Էրդողանի թիվ մեկ թշնամին համարվող քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի հիմնադրամին: Օրեր առաջ Ստամբուլի դատարանը վճռել էր վերադարձնել այն պետական հիմնադրամներին, որոնց ժամանակին հանձնված է եղել կառավարումը:
Ստամբուլի ևս մեկ տուն, որը պատկանել է հայերին, 100 տարվա ընթացքում նույնպես անցել է մի անգամ Թուրքիայի Հանրապետությանը, հետո՝ Գյուլենի կառույցներին, իսկ հիմա պատկանում է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:
2005 և 2019 թթ. հաշվարկներով՝ 15 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում այսօր բնակվում են 40000 հայ, 10000 հրեա և միայն 1244 հույն: «Ինչպե՞ս են այդ համայնքներն անհետացել Կոստանդնուպոլսից, քաղաք, որը կառուցել և դարեր շարունակ ղեկավարել են հույները»,- հարցնում է հոդվածի հեղինակը և տալիս պատասխանները:
Հայերը, հույները և ասորիներն Օսմանյան կայսրությունում առաջին անգամ ցեղասպանության ենթարկվեցին 1913-1923 թթ.: Նրանց ունեցվածքը բռնագանձել են կամ թուրքական իշխանությունները, կամ թուրք անհատները: Սակայն, ըստ հեղինակի, ցեղասպանություն վերապրողների հանդեպ հետապնդումներն ու բռնությունները դրանով չեն սահմանափակվել: 1923 թ. հիմնադրված Թուրքիայի Հանրապետությունը որդեգրել է երկրի բնիկներից՝ քրիստոնյաներից և հրեաներից ազատվելու, ունեզրկելու և, ի վերջո, ազատվելու քաղաքականություն: Նպատակը մեկն է՝ ստեղծել այնպիսի տնտեսություն, որտեղ գերիշողը կլինեն մահմեդականները:
20-րդ դարի սկզբում Ստամբուլի 1 միլիոնանոց բնակչության միայն 44%-ն է եղել մահմեդական: 1920-ական թվականներին պետական մակարդակով սկսվել է ոչ մահմեդականների բիզնեսների բոյկոտը: 1929 թ. Թուրքիայից հեռացել է 70000 ոչ մահմեդական:
1922 հիմնադրված «Թուրքիայի առևտրի ազգային ասոցիացիան» պարզել է, որ Ստամբուլի առևտրի օբյեկտների 97%-ը պատկանել է ոչ մահմեդականներին: Այդ հետազոտությամբ հիմք է դրվել տնտեսության թուրքիֆիկացմանը: 1923 թ. ոչ մահմեդականները վռնդվել են առևտրի և ապահովագրական ընկերություններից: 1924 թ. կրոնական փոքրամասնություններին արգելել են աշխատել ծառայությունների ոլորտում՝ բարերում, ռեստորաններում, սրճարաններում, առևտրի կետերում, ինչպես նաև՝ որպես նավավարներ, նավապետներ, ձկնորսներ, վարորդներ:
1942 թ. Թուրքիայի կառավարությունն ընդունել է «Շքեղության հարկի մասին» օրենքը, որով ճանապարհ է բացվել երկրի տնտեսությունից վերջնականապես դուրս մղելու հայերին, հույներին և հրեաներին: Այն անձինք, ովքեր չէին կարողանում վճարել, ուղարկվում էին աշխատանքային ճամբարներ, վտարվում էին երկրից, կամ նրանց ունեցվածքը բռնագանձվում էր: Շատերն այդ օրենքի ընդունումից հետո վճարել են հարկը՝ ամբողջությամբ վաճառելով ունեցվածքը, նույնիսկ՝ գորգերն ու կահույքը: Բազմաթիվ մարդիկ անկարողությունից ինքնասպանություն են գործել:
1955 թ. սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլի հույները ենթարկվել են կառավարության հովանավորած հարձակումների, որոնց զոհ են դարձել նաև քաղաքի հայերն ու հրեաները: Թուրքերը հարձակվել են նրանց պատկանող ունեցվածքի՝ եկեղեցիների, տների, գերեզմանների, դպրոցների վրա: Դեպքերի ականատես բրիտանացի մի լրագրող հույների թաղամասերը նմանեցրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին Լոնդոնի ռմբակոծություններից հետո ստեղծված իրավիճակի հետ: Դրանից հետո տասնյակ հազարավոր հույներ լքել են Թուրքիան:
1964 թ. Ստամբուլի հույները ենթարկվել են հերթական տեղահանության: Կառավարությունը նրանց 12 ժամ է տվել՝ Թուրքիան լքելու համար: Հույներին թույլատրել են իրենց հետ վերցնել միայն 20 կգ կշռող բեռ և 20 դոլարին համարժեք գումար: Բռնի վտարումից հետո, հեղինակի համաձայն, հույների ամբողջ ունեցվածքը Թուրքիայի կառավարությունը բռնագանձել է:
Միևնույն քաղաքականությունը շարունակվել է նաև 1970-ական թթ.: Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1936 թ.-ից հետո բարեգործական հիմնադրամների ստացած ունեցվածքը, որը ձեռք էր բերվել նվիրաբերությունների, ժառանգության, կտակների կամ ընծաների շնորհիվ, համարվել է ապօրինի, քանի որ ընդգրկված չի եղել 1936 թ. հռչակագրում:
Փորձագետների կարծիքով՝ «Այդ անտրամաբանական իրավակարգավորումը ճանապարհ բացեց օրինականացված, սակայն անարդար բռնագանձումների կամ պետական կողոպուտի»:
Մասնագետները նշել են, որ 1970-ական թվականների այդ կարգավորման պատճառով Ստամբուլում մնացած սակավաթիվ հայ համայնքն էլ ավելի է տուժել և զրկանքների ենթարկվել՝ 1915 թ. ցեղասպանության ընթացքում ունեզրկումից հետո:
Վերջում հեղինակը հիշեցնում է, որ 1923 թ. ընդունված սահմանադրությամբ Թուրքիան հռչակվել է աշխարհիկ պետություն, և ոչ մահմեդականները չեն դասակարգվել որպես երկրորդ դասի մարդիկ: Սակայն, ըստ հեղինակի, փորձը ցույց է տվել, որ նրանք երբեք էլ չեն կարողացել ամբողջությամբ իրագործել կյանքի և ունեցվածքի իրենց իրավունքը: Ի վերջո, Օսմանյան կայսրության անկումից հետո ոչ պաշտոնապես նրանց ստորացված կարգավիճակը շարունակվել է, և երկրի բնիկ ժողովուրդները՝ իրենց ունեցվածքով և մշակութային ժառանգությամբ հանդերձ, գրեթե ամբողջությամբ վերացել են երկրից: