Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո անարգվում ու ոչնչացվում են հայկական եկեղեցիներ՝ ֆրանսիական «Քղուա» պարբերականում հրապարակված հոդվածում մտահոգություն է հայտնել Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն: Նա արձանագրել է, որ Ադրբեջանն ամեն օր ավերում է հուշարձաններ կամ գերեզմաններ, և կան բոլոր հիմքերը կարծելու, որ հայկական ժառանգության ոչնչացումը շարունակվելու է:
Հոդվածում եվրապատգամավորը հիշեցրել է նաև Նախիջևանում հայկական եկեղեցիների ու տապանաքարերի ոչնչացումը, Հին Ջուղայի հայկական գերեզմանատունն ամբողջությամբ հողին հավասարեցնելը: Լուազոն դիմել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կոչ անելով չենթարկվել սպառնալիքներին, իսկ վերջում շեշտել, որ միջազգային հանրությունը անտարբերություն է դրսևորում:
Նատալի Լուազո (ԵԽ պատգամավոր) - Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ է, որ մենք ավելի համընդգրկուն գործողություններ իրականացնենք և ավելի մեծ վճռականություն ցուցաբերենք. բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն, բոլոր սահմաններն ու ելքերը դեպի Ղարաբաղ պետք է բաց լինեն, ականազերծումը պետք է ավարտին հասցվի:
Այս ամենի համար հարկավոր է ուժեղ միջազգային ներկայություն: Արցախի ժառանգության հարցը չի կարող սպասել: Ես կոչ եմ անում Մինսկի խմբի համանախագահներին միջամտել, իսկ Եվրամիությանը՝ օգտագործել Արևելյան գործընկերության կապերը՝ հստակ հավաստիացումներ ստանալու Բաքվից, որ հայկական մշակութային ժառանգությունը կպահպանվի: