Օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեությունը կկանոնակարգվի: Առաջարկվում է սահմանել նոր լիցենզիա, որով միայն կթույլատրվեն ուղևորափոխադրումներ օդանավակայանից:
Արման Կարապետյան (ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ) - Առաջարկում ենք այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, ովքեր կունենան մինչև յոթ տարեկան սպիտակ հիմնագույնի տրանսպորտային միջոց, որոնք վերասարքավորված չեն լինի, կաշխատեն գործարանային, վառելիքային սնման համակարգերով:
Ա տիպի նոր լիցենզիայի պետտուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար կլինի տարեկան 200.000 դրամ: Գործադիրը հիմնավորել է՝ նպատակն է բարձրացնել տաքսի ծառայության սպասարկման որակը, բացառել անօրինական փոխադրումները:
Արման Կարապետյան - Օդանավակայանը՝ որպես այցեքարտ, երկրի օտարերկրացին, որ ցանկություն է հայտնել Հայաստան գալու, առաջին տպավորությունը սկսվում է օդանավակայանից, մասնավորապես, ծառայություններից, որ այնտեղ ստանում է, այդ թվում՝ տաքսի ծառայություններից:
Բեյրութ - Երևան չվերթի ուղևորներից քչերն օգտվեցին տաքսիներից, նրանց դիմավորեցին հարազատներն ու ընկերները: Շատերը եկել են՝ հայրենիքում նշելու Սուրբ Զատիկը:
Գործարանային վառելիքային համակարգով աշխատելու պահանջի նպատակն է՝ մեքենայի բեռնախցիկն օգտագործել լիարժեք: Նաև որպես անվտանգության երաշխիք. Կարապետյանը հիշեցնում է օդանավակայանի ռազմավարական նշանակությունը:
Արման Կարապետյան - Այս առաջարկով սկիզբ է դրվում ընդհանրապես հանրապետությունում տաքսի ծառայությունների կարգավորման:
Արթուր Ղազարյանն արդեն 27 տարի Զվարթնոցում անձնական մեքենայով է մատուցում տաքսի ծառայություն:
Շատերն իրեն գիտեն, ավիատոմսը գնում, զանգում, պայմանավորվում են: Մեքենան նոր է փոխել, կահավորել, որ զբոսաշրջիկը գոհ մնա:
Արթուր Ղազարյան (վարորդ) - Պետք է իրենց ուզածով շարժվես, ինչ ցանկանում ա, նենց ես անում: Հանգիստ քշես, որ չլարվի:
«Զվարթնոցից» հյուրանոց վարորդը ոչ միայն Հայաստանի մասին պատմում է, այլև հայկական ծիրան հյուրասիրում: Դրես կոդի, անգլերենի իմացության պահանջ օրինագծում չկա: Ինքը, օրինակ՝ ուղևորների հետ շփվում է ռուսերեն, որոշ չափով անգլերեն գիտի:
Արթուր Ղազարյան - Որ հասկացնում եմ, ոչ թե խոսում, իրենց ավելի հաճելի է, քան մաքուր անգլերենով խոսեմ:
Օրինագծով նախատեսվել է ուղևորափոխադրումներն իրականացնել տաքսիների կայանման վայրից: Պահանջների խախտման դեպքում վարչական պատասխանատվությունը 50 հազար դրամ է: Նախագիծը դեռ պետք է քննարկվի խորհրդարանում, անհրաժեշտության դեպքում՝ լրացվի: