Մեր երկրում 444 հազար հեկտար հող կամ հողերի 49 տոկոսն ընդհանրապես չի մշակվում, հողերի 74 տոկոսին ոռոգման ջուր չի հասնում: Մենք պետք է այդ 216 հազար հեկտարը դնենք ոռոգման և մշակման տակ: Այդ մասին կիրակի՝ մարտի 28-ին, Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթի այդ հատվածը Կառավարությա ղեկավարը տեղադրել է Ֆեյսբուքի էջում՝ վերնագրելով «Հայաստանի ապագա գյուղատնտեսության մոդելը»։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վարելահողին ջրի հասանելիության մակարդակը պետք է հասնի 90 և ավելի տոկոսի, ավանդական ոռոգումից պետք է անցնեք կաթիլային ոռոգման:
«30 տարում մենք մի նորմալ ջրամբար չենք կարողացել կառուցել, այս տարի 14 մլրդ դրամի ջրամատակարարման և ոռոգման ծրագրեր ենք իրականացնում»,- ասել է վարչապետը:
Նա խոսել է գյուղատնտեսական ապահովագրության ներդրման մասին՝ միաժամանակ նշելով, որ պետք է կարկտային ցանց լինի, որ գյուղացին կարկուտից չվախենա:
«Պետք է անցում կատարենք ինտենսիվ գյուղատնտեսություն, հողերը պետք է խոշորացնենք, պետք է ձևավորվեն գյուղկոոպերատիվներ: Բանավոր գյուղատնտեսությունը պետք է փոխարինենք թուղթ ու գրիչով գյուղատնտեսության: Մեր երեխաները պետք է գան գյուղում՝ հողի վրա աշխատեն, այն պետք է ոչ թե չարչարանք կոչվի, այլ բարձր ֆինանսավորվող աշխատանք, դրա համար պետք է գիտելիք, ֆինանսներ, փոխվելու ցանկություն և կարողություն»,- ընդգծել է Փաշինյանը: