Բելգիայի Զավենթեմ քաղաքում հայկական սովորույթին բնորոշ՝ կրակն այս անգամ որևէ խնջույքի համար չի վառվել։ Հայ դեմոկրատների միության անդամ ընտանիքներն Արցախյան երկրորդ պատերազմից ի վեր ամեն ուրբաթ խոհանոցում գործի են անցնում՝ ի նպաստ զինվորների ու նրանց ընտանիքների։
Խաչիկ Դեմիրջի (Բելգիայի հայ դեմոկրատների միության անդամ) - Անմիջապես կռիվը սկսելուց հետո մեր երիտասարդների առաջարկով սկսվեց։ Միությունն էլ իր համաձայնությունը տվեց։ Առաջին շաբաթվանից մեծ հաջողություն ունեցավ նախաձեռնությունը, բոլոր հայ ընտանիքներն իրենց մասնակցությունը ցուցաբերեցին։
450-ից ավելի հայ ընտանիքներ ամեն ուրբաթ տասնյակ կիլոմետրեր են անցնում, ոչ թե մեկ բաժին կերակուրի, այլ հայրենիքին օգնելու համար։ Պատերազմի առաջին շաբաթներին հավաքված գումարները Համահայկական հիմնադրամին փոխանցվեցին։ Հետպատերազմյան օրերին էլ Հայաստան են այցելում, անձամբ հանդիպում ընտանիքներին ու ցուցաբերում անհրաժեշտ օգնությունը։
Գրիգոր Օքմեն (Բելգիայի հայ դեմոկրատների միության անդամ) - Աս մեր հավաքած բոլոր փողը Արցախի ընտանիքներին ենք ուղարկում, կիրակի մեր ընկերները գնալու են և 150 ընտանիքի բաժանեն։ Բայց մեր պայքարը շարունակվելու է, մինչև որ մեր հողերը ետ առնենք։ Մեր նպատակը դա է։
Մովսես Օքմեզ (Բելգիայի հայ դեմոկրատների միության անդամ) - Պետք է ձեռք ձեռքի տանք, այս պատերազմից հասկացանք՝ ոչ մեկ մեզ չի օգնելու, մեր թշամիները, մեր բարեկամները… Մենք պետք է միայն մեր ուսերին վստահենք, չպետք է ասենք՝ ասիկա մեզի պետք է օգնի, ո՛չ, մենք մեր ուսերին պետք է հավատանք։ Հայը պետք է հայ մնա և իրար կողքի։
Դրսում կրակի մոտ հայրերն են աշխատում, խոհանոցում՝ զավակները՝ ռազմահայրենասիրական երգերի ուղեկցությամբ։ Տեսախցիկի առջև ամաչում են խոսել՝ նախընտրում են գործ անել։ Իսկ առանց բարձրախոսի հոգու ձայնն ավելի զորավոր է։
Միության անդամներից հայերենի ուսուցչուհի տիկին Աիդան կարևորում է երիտասարդների հայկական ոգին, որը թեկուզ ողբերգական առիթով, բայց նորից կայծ է առել։
Աիդա Օքմեն (Բելգիայի հայ դեմոկրատների միության համահիմնադիր) - Իրենց հայ զգացին և ոգևորվեցին ամեն ինչի համար։ Թեկուզև ընտանիքներն են անում ամեն բան, բայց իրենք են շփվում մարդկանց հետ, իրենք են եկողների հետ շփվում։ Դա մեծ բան է։ Ասել է թե՝ շահել ենք մեր երիտասարդությանը և, հուսանք՝ այսպես էլ կշարունակվի։
Չնայած, համավարակով պայմանավորված, Բելգիայում գրեթե ամեն ինչ փակ է, և մարդաշատ հավաքներն էլ՝ արգելված, բայց Հայ դեմոկրատների միությունն արգելք չի ճանաչում, երբ խոսքը հայրենիքին է վերաբերում։
Արսեն Օքմեզ (Բելգիայի հայ դեմոկրատների միության անդամ) - Մեր նպատակն այն է, որ մեր հայ զինվորներուն ինչքան վիրավորված են, տանջված, զոհված, գոնե մի քիչ օգտակար լինենք ոտքի կանգնելու համար։
Հայաստանցի, լիբանանահայ, իրաքահայ, բելգիացի։ Ուրբաթ երեկոյան ընթրիքի ժամին Հայ դեմոկրատների միության շենքի առջև ավտոմեքենաները հաջորդում են մեկը մյուսին, նպատակը մեկն է՝ սեփական լուման ներդնել հայրենիքին օգնելու հարցում։
Բելգիայի հայ դեմոկրտատների միությունը 1984 թվականին ստեղծել են Թուրքիայից գաղթած մի խումբ հայ երիտասարդները։ Թուրքիայում ապրած զրկանքներն ու խտրականությունները սրտներում պահած՝ աշխարհի որ անկյունում էլ հայն օգնության կարիք է ունեցել՝ հասել են, փորձել ձեռք մեկնել։
Աիդա Օքմեն - Կըրնամ ըսել, որ Թուրքիայից եկած հայերը իրենց մեջի ուժը պայքարի համար չի դադարել։ Քանի որ Թուրքիայում մեզ արգելված էր ամեն ինչ, և այստեղ կարող ենք իրենց երեսին տալ, մեզ ուժ է տալիս։
Մեծամասամբ Թուրքիայից հայ գաղթական ընտանիքներից կազմված միության անդամները շատ լավ գիտեն՝ ինչ ասել է Թուրքիայի սրի տակով անցնել։ Սեփական մաշկի վրա զգացածը չեն մոռացել, դրա համար էլ ցանկանում են ամեն կերպ մեղմել շարքային արցախցու և հայ զինվորի ցավը։