ՌԴ մայրաքաղաքում հյուրընկալված ՀՀ բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում են ունեցել Մոսկվայի քաղաքային դատարանի գործընկերների հետ՝ տեղեկացնում են ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Կողմերը քննարկել են էլեկտրոնային արդարադատության արդի խնդիրները:
Ռուս մասնագետները հայ գործընկերներին ներկայացրել են Մոսկվայի քաղաքային դատարանի ֆունկցիոնալ կառավարման խնդիրները, կիսվել իրենց փորձով: Հատկապես կարևորվել է այնպիսի նպատակային ծրագրերի իրականացումը, որոնք վերաբերում են՝
- էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրմանը.
- դատական գործերի կառավարման ժամանակակից թվայնացված համակարգին.
- արդարադատության համակարգային մշտադիտարկմանը.
- արդարադատության ծախսատարության կրճատմանը:
Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են Էլեկտրոնային արդարադատության համակարգի նորացված ծրագրային ուղղություններով ՀՀ դատական համակարգում, մասնավորապես՝ Երևան քաղաքի դատարանում կատարված աշխատանքը: Ռուս գործընկերների հետ քննարկվել են էլեկտրոնային հայցադիմումների, ծանուցման համակարգի, էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման և դատավարական այլ գործընթացների ավտոմատացման հայեցակարգի գործիքակազմերն ու դրանց ներդրման առանձնահատկությունները: