Հետպատերազմյան Արցախ, կյանքը Դադիվանքում՝ պատերազմից տարիներ անց: Սրա մասին է «Եվա» ֆիլմը, որ շարունակում է գրավել տարբեր երկրների հանդիսատեսի սրտերն ու արժանանալ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Այս անգամ մրցանակն Իտալիայում անցկացվող Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնից է:
Հռոմի Ֆրանկոֆոն ֆիլմերի 11-րդ փառատոնն անցկացվել է մարտի 17-21-ը: «Եվա» ֆիլմը համարվում է հայ-իրանական համատեղ առաջին արտադրանքը: Ռեժիսորն իրանահայ Անահիդ Աբադն է:
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Դադիվանք գյուղում Ղարաբաղյան առաջին պատերազմից մի քանի տարի անց։ Ֆիլմը պատերազմ տեսած մարդկանց ճակատագրի մասին է՝ Արցախի բարբառով:
Ծովինար Համբարձումյան (Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Նույնիսկ ես երբեմն չէի հասկանում՝ տիտրերով էի նայում:
Ֆիլմը Երևանից Արցախ տեղափոխված և անցյալը մոռանալ ցանկացող կնոջ պատմություն է: Հերոսուհու՝ Եվայի դերակատարն է Նարինե Գրիգորյանը, դերերում խաղացել են նաև Շանթ Հովհաննիսյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան: Կինոնկարն էկրան է բարձրացել 2017 թ.: