Ոստիկանության «Կումայրի» բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» աշխատակիցները 2020 թվականի ընթացքում պետպատվերի շրջանակում ձևական գրանցել են երեխաների ու գումար հափշտակել:
Ըստ Շիրակի մարզի դատախազության դատախազ Դավիթ Մարտիրոսյան, կեղծվել են հիվանդության պատմագրեր, որոնք համարվում են պաշտոնական փաստաթուղթ և դրանք Առողջապահության նախարարություն են ներկայացվել վճարման։ Խարդախություն կատարելու եղանակով բյուջեից հափշտակել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 7 միլիոն 984 հազար դրամ։ Դատախազությունից նշում են նաև կոնկրետ անձանց շրջանակը։
Դատախազության ուսումնասիրությունները դեռ չեն ավարտվել։ Հիշեցնում են, որ նախաքննությունը նախնական փուլում է: Հիվանդանոցում զարմացած են, թե ինչ յուրացման կամ հափշտակության մասին է խոսքը: Գործադիր տնօրեն Ժորժիկ Սերոբյանն ասում է, որ ի սկզբանե ոստիկանությանը տրամադրել են բոլոր փաստաթղթերը: Եթե կան մեղավորներ, թող կրեն պատասխանատվություն։
Սերոբյանն ասաց՝ տնօրենին, բժիշկներին դեռ չեն լսել: Քրեական գործը հարուցվել է ոստիկանության ստացած տեղեկության հիման վրա: Այս պահին հարցաքննել են միայն պացիենտներին։
Ժորժիկ Սերոբյանը Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն նշանակվեց շուրջ մեկ տարի առաջ։ 2020 թվականի հունվարի 14-ին Շիրակի մարզպետարանում կայացած մրցույթի արդյունքում երկու թեկնածուն էլ` հիվանդանոցի նախկին տնօրեն, դաշնակցական Աշոտ Կուրղինյանն ու Ժորժիկ Սերոբյանը ճանաչվեցին հաղթող: Մրցույթից մի քանի օր անց Գյումրուհիվանդանոցի տնօրեն նշանակվեց Ժորժիկ Սերոբյանը։