Գրականագետ, արվեստաբան Ստեփան Թոփչյանի մահից 2 ամիս անց «Զանգակ» հրատարակչությունը լույս է ընծայել հայտնի մտավորականի վերջին՝ «Երվանդ Քոչար» մենագրությունը, որում համակողմանիորեն ու նորովի գնահատվել է Մաեստրո Քոչարի ամբողջ ժառանգությունը:
Գրքի գաղափարը ծնվել է 3 տարի առաջ՝ Թոփչյանի՝ թանգարան այցի ընթացքում: Թոփչյանների ու Քոչարի մտերմությունը տարիների պատմություն ունի. նրանք հարևաններ էին ու վաղեմի բարեկամներ, Մաեստրոն անգամ նկարել է փոքրիկ Ստեփանին:
Քոչարի արվեստը հետազոտման մի ահռելի նյութ է, որն առ այսօր շատ չբացահայտված շերտեր ունի, և նոր մենագրությունն, իր խորքային գնահատմամբ, արևմտաեվրոպական մշակույթի հետ առնչությունների փիլիսոփայական,արվեստաբանական ու գեղագիտական վերլուծություններով լրացնում է այդ բացը: Գրքի խմբագիրն առանձնացնում է Վարդան Մամիկոնյանի արձանի նորովի գնահատումը:
«Երվանդ Քոչար» գրքի խմբագիր, Ստեփան Թոփչյանի որդին՝ Արամ Թոփչյանը, հիմնավորում է արձանի՝ Քոչարյան գլուխգործոց համարվելու փաստը և անգամ առաջարկում փոխել պատվանդանը:
Ցավոք, Ստեփան Թոփչյանն անավարտ թողեց 2 աշխատություն՝ Ուիլյամ Հոգարթի «Գեղեցկության վերլուծություն» տրակտատի ուսումնասիրությունն ու Լեսսինգի «Լաոկոոնի»՝ թարգմանություն-ծանոթագրությունը, որոնք ավարտին կհասցնի և կհրատարակի որդին՝ Արամ Թոփչյանը: