ՀՀ ԵԿՄ վարչությունը Ապրիլյան քառօրյայի կապապցությամբ ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.
«Պատմությունը ցույց է տալիս, որ հայրենի հողում ապրելու, մեր ստեղծածն ու արարածը ամուր պահելու համար մեր ամեն սերունդ դատապարտված է գտնվել անընդհատ պայքարի մեջ: Այդ պայքարի ուղին շատ ծանր ու դաժան է, և մենք միշտ ապացուցել ենք, որ հերոսաբար պաշտպանում ենք մեր հայրենիքն ու բազում հայորդիների կյանքի գնով ձեռք բերած անկախությունը: Այս մասին ասվում է
«2016 թվականի ապրիլյան այս օրերին Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ: Առավել թեժ մարտեր ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային և հյուսիսարեւելյան ուղղություններում։ Պատերազմում անդառնալի կորուստներից խուսափելն անհնար է:
Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվեցին տասնյակ զինծառայողներ, կամավորներ, խաղաղ բնակիչներ:
Փա´ռք ու պատիվ նահատակված քաջերին:
Ադրբեջանի ագրեսիան հայ ժողովրդի նկատմամբ չի դադարել եւ ոչ մի օր: Այդ երկրի ղեկավարությունը բացահայտ ցույց է տվել և այսօր էլ ցույց է տալիս իր զավթողական քաղաքականությունը:
2020թ. աշնանը իր բարեկամ երկրների միջազգային ահաբեկիչների օգնությամբ, միջազգային կոնվեցիաներով արգելված զինատեսակներ օգտագործելով կրկին փորձեց հայաթափման ծրագիր իրականացնել:
Սակայն մեր թշնամիները դարերի ընթացքում պետք է հասկացած լինեին, որ մենք հայրենատեր, պայքարող ազգ ենք, մենք երբեք չենք ծնկի՝ մենք հավերժ ենք մեր լեռների պես:
Մեր պատմության ընթացքում միշտ էլ վայրէջքներ ունեցել ենք, բայց դրանց հաջորդել են վերելքները՝ մեր հավաքական կամքի, մեր միասնության շնորհիվ:
Փա´ռք մեր բանակին, զինվորներին, կամավորներին,
Փա´ռք հերոսածին մայրերին, մեր խոնարհումը որդեկորույս ընտանիքներին,
Փա´ռք Հայաստանի Հանրապետությանը, Արցախ աշխարհին,
Փա´ռք հայ ժողովրդին:
Սիրելի՛ հայրենակիցներ
Երկրապահները հավատարիմ առաքելությանը ծառայել, ծառայում և ծառայելու են հանուն մեր Անկախ պետության, մեր ամուր պետականության պահպանման:
Ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը. «Եթե մենք միասնական ենք, պիտի զգուշանանք...մեր ցանկություններից, քանզի նրանք իրականանում են...»: Եվ այո´, մենք պետք է միասնական լինենք, որպեսզի կարողանանք դիմակայել բոլոր մարտահրավերներին, որպեսզի պատմությունն այլևս չկրկնվի և մենք վերջապես ապրենք խաղաղ ու ապահով»: