Ազդարարվում է սոցիալական կարևոր բարեփոխումների մեկնարկը՝ կարմիր ժապավենը կտրելուց հետո ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը: Դիլիջանի վարչական կենտրոնի շենքերից մեկի հիմնովին նորոգված և վերակառուցված հարկում կսկսի գործել միասնական սոցիալական ծառայությունը: 4 առանձին ծառայությունները միավորվել են մեկ կառույցում, մեկ հարկի տակ, մեկ պատուհանի սկզբունքով:
Մեսրոպ Առաքելյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Խնդիրը ոչ միայն տարածքային միավորումն է, մենք շատ կարևորում ենք սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող անձանց միասնական կարիքների գնահատումը և, հետևաբար, ավելի հասցեական և արդյունավետ ծառայությունների մատուցումը:
Նախարարի խոսքով՝ սա ընդամենը բարեփոխումների գործընթացի սկիզբն է, առջևում մեծածավալ աշխատանք կա:
Մեսրոպ Առաքելյան - Բոլոր ոլորտներում մենք ունենք էական փոփոխությունների անհարժեշտություն, մեր քաղաքականությունը էապես փոխվելու է, և աղքատության հաղթահարման կարևորոգույն գործիքը լինելու է մարդկանց աշխատանքով ապահովելուն ուղղված աջակցությունը:
Միասնական սոցիալական ծառայության 49 կառույցից 42-ը մարզերում են: Դիլիջան խոշորացված համայնքի բնակիչներից երկար ժամանակ չի պահանջվի նկատել արագ և որակյալ սպասարկման առավելությունը:
Նունե Սարգսյան (Միասնական սոցիալական ծառայության Դիլիջանի կենտրոնի ղեկավար) - Չորս տարբեր գործակալությունները տեղակայված էին տարբեր վայրերում, առանձին թիմեր էին, հաճախորդները ինչ-որ ծառայություն ստանալու համար ստիպված էին տարբեր տեղերով անցնել, տարբեր տեղերում դիմումներ գրելու անհրաժեշտություն էր լինում. մեկտեղելով ծառայությունը՝ լուծում ենք էդ խնդիրը:
Այցելուին առաջինը սպասում են այս ընդարձակ սենյակում, որտեղ կարող են ստանալ նաև խորհրդատվություն:
Արմենուհի Սմբատյան (Միասնական սոցիալական ծառայության Դիլիջանի կենտրոնի ավագ փաստաթղթավար) - Մեր առաքելությունը էն է, որ դիմում ենք ընդունում և ուղարկում համապատասխան բաժիններ:
Սպասարկումն ավելի հարմարավետ է դարձել ոչ միայն այցելուների, այլև աշխատողների համար: Հասմիկը ոլորտի հնաբնակներից է` 30 տարվա փորձով, ասում է` այսպիսի պայմաններում աշխատելը նաև արդյունավետ է:
Հասմիկ Բադալյան (Միասնական սոցիալական ծառայության Դիլիջանի կենտրոնի առաջատար մասնագետ) - Շատ հաճելի է, որ աուրան հաճելի է, թեկուզ աչքի համար` սկսած գույքից, վերանորոգումից, ամեն ինչը:
Կենտրոնի ղեկավարի հավաստմամբ՝ միավորումից հետո ոչ մի աշխատատեղ չի կրճատվել, ավելին՝ սպասվում են նորերը: