Մարտի 1-ի գործով դատավարության ժամանակ ամբաստանյալներից Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները միջնորդեցին դադարեցնել քրեական հետապնդումը՝ հիմք ընդունելով ՍԴ մարտի 29-ի որոշումը, համաձայն որի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական ու անվավեր: Քոչարյանի փաստաբանները պնդեցին, որ դատարանը պետք է առանց քննարկելու կայացնի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում:
Մեղադրող կողմը ևս պատրաստվում է միջնորդություն ներկայացնել՝ կասեցնել գործի վարույթը և դիմել ՍԴ: Մեղադրողները տեղեկացրին, որ ՀՀ գլխավոր դատախազն էլ այս գործով ապրիլի 1-ին դիմել է ՍԴ՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներ: Սակայն, ինչպես մանրամասնեց մեղադրող Գևորգ Բաղդասարյանը, դատախազը ՍԴ է դիմել օրենքի նորմերով, որոնց կիրառումը տեղավորվում է դատախազի վարույթում: «Դատախազը բարձրացրել է դրա հետ կապված այլ նորմերի սահմանադրականության հարցն այնքանով, որքանով դրանք փոխկապակցված են համակարգային առումով: Բայց այդ նորմերն անմիջականորեն դատախազի կողմից կիրառման ենթակա չեն և դատախազի վարույթ չեն, դրանց հարցը բարձրացված է որպես մեր վարույթի առարկան կազմող նորմերի հետ համակարգային առումով փոխկապակցված նորմեր: Բայց այդ նորմերը, հարգելի դատարան, դուք ՍԴ որոշման ուժով, քրեական հետապնդման դադարեցման հարցը լուծելիս պետք է կիրառեք, դրանց սահմանադրականության հարց դուք պետք է տեսնեք: Եթե մենք միջնորդություն ներկայացնենք, նաև փաստարկներ կներկայացնենք, թե ինչու»,- ասաց Բաղդասարյանը:
Քանի որ ամբաստանյալներից Յուրի Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանն իրենց պաշտպանների հետ ավելի վաղ լքել էին դահլիճը, որից հետո դատարանը հայտարարել էր ընդմիջում, դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց. «Այսօրվա դատական նիստի սկզբում բոլոր ամբաստանյալները ներկա էին, սակայն մեր միջնորդության բովանդակությանն ըստ էության ծանոթանալուց հետո իրենց գործողություններով փորձում են մեղադրանքի կողմին զրկել՝ այդ հարցի վերաբերյալ տեսակետ արտահայտելու, ՍԴ դիմելու հիմքերի ու հիմնավորումների վերաբերյալ իրենց տեսակետը ներկայացնելու հնարավորությունից: «Մենք շարունակելու ենք պնդել, որ ամբաստանյալներն իրենք անհարգելի բացակայել են դատական նիստից և իրենք իրենց զրկել են այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց»,- նշեց Պետրոսյանը:
Դատախազ Բաղդասարյանը նաև նշեց, որ և մեղադրողների և պաշտպանական կողմի միջնորդությունները պետք է քննարկվեն միասին:
«Տեղյակ եմ, որ պաշտպանության կողմը, այդուհանդերձ, քրեական հետապնդումները դադարեցնելու վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել: Ես կարծում եմ՝ ՍԴ որոշումից հետո դատարանը պետք է քննարկի 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, որովհետև առաջ է եկել հանցակազմի բացակայության իրավիճակ: Բայց մեր կողմից ձեզ միջնորդություն է ներկայացվել այն մասին, որ ձեր կողմից խորհրդակցական սենյակում քննարկման ենթակա նորմերը՝ կապված ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հետ, խնդիր ունեն: Քանի որ դուք խորհրդակցական սենյակում պետք է քննարկեք և որոշում կայացնեք «իքս» հոդվածի հիման վրա, իսկ մենք կարծում ենք՝ այդ «իքս» հոդվածը Սահմանադրության հետ հակասության խնդիր ունի, հետևաբար, դուք դրանք չեք կարող առանձին քննարկել, որովհետև այդ նորմը կիրառելու ժամանակ պետք է լուծեք՝ տեսնո՞ւմ եք Սահմանադրության համապատասխանության հետ կապված հարց, թե՞ ոչ, և դիմելո՞ւ եք ՍԴ, թե՞ ոչ: Դուք չեք կարող դրանք առանձին քննարկել: Դուք չեք կարող դա կիրառել, հետո քննարկել մեր միջնորդությունը՝ ՍԴ դիմելու վերաբերյալ, որովհետև մենք մեր միջնորդությամբ ձեզ հուշում ենք, որ այդտեղ Սահմանադրությանը համապատասխանության հետ կապված հարց կա»,- ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը: