ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր մասնակցել է հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հոգեհանգստին: Լրագրողների հետ զրույցում նախարարը հիշեցրեց, որ Կոմանդոսի հետ աշխատել է դեռ 90-ական թվականներից:
«Կոմանդոսին ես ճանաչում եմ 90-ական թվականներից,- ասաց Հարությունյանը:- Ամենադժվար պահին, երբ ձևավորվում էր Ղարաբաղի բանակը, ռազմաքաղաքական վիճակը շատ բարդ էր, պաշտպանության կոմիտեն որոշեց նրան ուղարկել Ղարաբաղ: Նա ամենադժվար պահին մեկնեց Ղարաբաղ և սկսեց մի կողմից մասնակցել մարտական գործողություններին, մյուս կողմից ձևավորում էր բանակը»,- պատմեց նա:
Հարությունյանի խոսքով՝ երբ ինքը 1999 թվականին նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, Կոմանդոսն իր մոտ աշխատում էր հատուկ հանձնարարությունների գեներալ: «Ամենակարևորը՝ նա մեծ ներդրում ունի Ղարաբաղի բանակի կայացման գործում և սկզբնական փուլում այդ մարտական գործողություններին, որ ուզում եմ շեշտել՝ ամենադժվար պահն էր, երբ իրավիճակը պարզ չէր»,- ասաց նա՝ հավելելով, որ Կոմանդոսը կարողացավ ճիշտ գնահատել իրավիճակն ու ճիշտ լուծումներ գտնել: