ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Հանդիպման նպատակը օրերս Ազգային ժողովի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ ուսանողական կառույցներին և միավորումներին առնչվող հարցերի քննարկումն է եղել:
Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ՈՒԳԸ-ի ներկայացուցիչներին և կարևորել հանդիպման նրանց նախաձեռնությունը և քննարկվող նյութի բովանդակությունը. «Դուք մեր լավագույն պոտենցիալն եք, և մենք արժևորում ենք առողջ ուժը, որը ծառայելու է ոլորտի առաջխաղացմանը: Նոր օրենքի նախագծով ձեզ էապես շատ լիազորություններ են տրված. զարգացրե՛ք ավանդույթները, և մենք ինչով կարող ենք՝ կաջակցենք»,- ասել է նախարարը:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակում քննարկվող առանցքային թեմաներն էին ուսանողական կառույցների՝ ինքնակառավարվող համակարգի անցման դրույթները, գործառույթների առանձնահատկություններն ու շրջանակները, ինչպես նաև «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականի տպագրմանն առնչվող հարցերը: Ըստ քննարկման՝ նշյալ պարբերականը կարող է ծառայել որպես ուսանողների՝ գիտական ոլորտում առաջին փորձ, գիտաժողովների նյութերի ու գիտական զեկույցների տպագրման լայն հարթակ, իսկ գիտական հոդվածների համար ուսանողներին պետք է խրախուսել տպագրվելու ավելի բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում, այդ թվում՝ միջազգային ասպարեզում:
Հանդիպման ավարտին նախարար Վահրամ Դումանյանն առաջարկել է առաջիկա օրերին հանդիպում կազմակերպել նաև Բարձրագույն որակավորման կոմիտեում՝ հարցերն այլ մոտեցմամբ ևս քննարկելու նկատառումով:
Նշենք, որ Ուսանողական գիտական ընկերությունը կոչված է նպաստելու ուսանողների գիտական, ստեղծագործական և հոգևոր կյանքի զարգացմանը: Նոր օրենքով ընդլայնվել են կառույցի գործառույթները, և այն գործելու է որպես ինքնակառավարվող մարմին: