Ապրիլի 2-ը՝ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, ամբողջ աշխարհը նշում է որպես Մանկական գրքի միջազգային օր (International Children's Book Day), որը 1967 թվականին սահմանվել է «Մանկական գրականության միջազգային խորհրդի» կողմից (IBBY):
«Մանկական գրականության միջազգային խորհուրդը» երկու տարին մեկ այդ օրը Հ․ Ք․ Անդերսենի անվան մրցանակ է հանձնում մանկական գրքերի հեղինակ գրողներին և նկարիչ-պատկերազարդողներին։ Մանկական գրքի միջազգային օր հռչակելու նախաձեռնությունը պատկանում է գերմանացի հայտնի գրող Յելե Լեպմանին։ Այն ընդգծում է մանկական գրքի մնայուն դերը նոր սերնդի հոգևոր զարգացման գործում:
«Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթվա» շրջանակում անցկացվող այս տոնն ամեն տարի մեծ շուքով նշվում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում. հեքիաթապատումներ, տիկնիկային ներկայացումներ, հանդիպումներ գրողների հետ, գրքի շնորհանդեսներ, գրական ցերեկույթներ և այլն:
Ապրիլի 2-ին՝ ժամը 14:00-ին, գրադարանի ճեմասրահում տեղի կունենան գրական-երաժշտական ցերեկույթ և հանդիպում գրողների, մանկագիրների հետ: Շաբաթն էլ կամփոփվի ձայնադարանում՝ «Տարվա հոբելյար» խորագրի ներքո անցկացվող հայ ժողովրդական երգիչ, գուսան Ջիվանու 175-ամյակին նվիրված միջոցառմամբ, որին կմասնակցեն երաժշտական դպրոցների և կոնսերվատորիայի սաները: